Դասական իրավաբանի մասնագիտությունն այլևս արդիակա՞ն չէ


Արդյոք դասական իրավաբանի մասնագիտությունն այլևս արդիակա՞ն չէ և ի՞նչ նորամուծություներ կան ոլորտում: Այս հարցերի շուրջ զրուցել ենք «Ի ԷԼ ԷԼ Գործընկերություն» իրավաբանական գրասենյակի միջազգային գծով տնօրեն, ի․գ․թ․ Գևորգ Տումանովի հետ:  

– Ցիցերոնը կարծում էր, որ իրավաբանը երեք գործողություն է կատարում. պաշտպանում է դատարանում, կազմում է փաստաթղթեր և խորհուրդներ է տալիս: Իսկ ի՞նչ եք կարծում դուք:

-Անկեղծ ասած, ինձ համար դժվար է վիճել Ցիցերոնի խոսքերի հետ, բայց ես պատրաստ եմ պատասխանել մեկ այլ ոչ պակաս հայտնի մարդու, մասնավորապես՝ Ալբերտ Էյնշտեյնի խոսքերով, ով ասել է, որ պետք է սովորել խաղի կանոնները, այնուհետև սկսել բոլորից լավ խաղալ:

-Դուք այդպես էլ անու՞մ եք: Կա՞ն կանոններ, թե ինչպես դա անել:

-Յուրաքանչյուր մասնագիտության մեջ կան գործելու ձև և որոշակի կանոններ: Դրանց օգնությամբ մասնագետը կատարում է իր աշխատանքը: Իրավաբանները բացառություն չեն: Իրավունքը պարզապես տվյալների բազա չէ: Դրանք գործողությունների ծրագրեր են, որոնք մոտ ապագայում կարող են փոխարինել աշխարհում հարյուր հազարավոր իրավաբանների:

-Դուք արհեստական ինտելեկտի մասի՞ն եք խոսում:

-Դեռևս 2000-ականների սկզբին մեզանից շատերը սովորում էին իրավաբանական ֆակուլտետում: Այնտեղ մենք սովորում էինք համակարգչային գիտություն, իսկ մենք կատակում էինք, թե ինչու է մեզ անհրաժեշտ այդ «BASIC»-ը: Տարիների ընթացքում պարզվեց, որ այն էլ ինչպես է անհրաժեշտ: Այդ ժամանակահատվածում առնվազն կասկածելի կլիներ այն մասին մտածել, որ համակարգչային ծրագիրը մոտ ապագայում մրցակցելու է իրավաբանի հետ: Բայց հիմա, երբ ծրագրերը ներթափանցել են կյանքի բոլոր ոլորտներ, անհնար է չհասկանալ դրանց հսկայական նշանակությունը:

-Կարծում եք, որ հնարավո՞ր է ծրագրավորել իրավունքը:

-Ես դրանում ավելի քան վստահ եմ: Եթե մենք ընդունենք իրավունքը որպես գործողությունների ծրագրեր և օրենքը միավորենք համակարգչային գիտության հետ, ապա ամեն ինչ կստացվի: Դեռևս 1950 թվականին Ալան Թյուրինգն ապացուցել է, որ մեքենային հնարավոր է սովորեցնել մտածել: Այդ մասին է նրա «Հաշվողական մեքենաներ և բանականություն» գիրքը: 21-րդ դարում հայտնվել է իրավաբանական տեխնոլոգիա (Legal Tech) երևույթը, այսինքն՝ մենք՝ իրավաբաններս, մեր գիտելիքները փոխանցում ենք հատուկ մեքենայի կամ ծրագրի՝ ստեղծելով տեխնոլոգիա, որն ավելի հեշտացնում է սովորական մարդկանց աշխատանքը:

-Դուք այստեղ ռիսկ տեսնու՞մ եք, նման տեխնոլոգիաները կա՞րող են խլել իրավաբանների աշխատանքը:

-Այո, դուք միանգամայն ճիշտ եք: Համացանցի ծնունդով իրավունքի իմացությամբ իրավաբանների մենաշնորհն ավարտվեց: Ստեղծվել են իրավական տվյալների բազաներ, ինչպիսիք են, օրինակ, datalex-ը կամ arlis-ը: Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս հայցադիմում կամ պայմանագիր կազմել առանց իրավաբանի: Օրինակ՝ ռուսական շուկայի համար մենք ստեղծել ենք ծրագիր, որը կոչվում է E-sud, այսինքն՝ էլեկտրոնային դատարան, իսկ հայկական շուկայի համար ստեղծել ենք ծրագիր, որը շուտով կսկսենք գործարկել ամբողջ ծավալով՝ boxoq.am անվանումով: Իսկ բոլոր նրանց, ովքեր կասկածում են, որ ռոբոտը կարող է փոխարինել իրավաբանին, խորհուրդ եմ տալիս կարդալ IBM Watson արհեստական բանականությամբ գերհամակարգչի ձեռքբերումների մասին:

-Ավելի մանրամասն պատմեք մեզ IBM Watson- ի մասին, ի՞նչ է այն:

-Ինչպես գիտենք, աշխարհի ամենաբարդ հիվանդություններից մեկը քաղցկեղն է: IBM Watson գերհամակարգչի հիշողության մեջ ներբեռնվեցին ավելի քան 600 հազար բժշկական զեկույցներ, ավելի քան 40 բժշկական ամսագրերից և ուռուցքաբանության ոլորտում կլինիկական փորձարկումների արդյունքներից վերցված 2 միլիոն էջ տեքստեր: IBM Watson արհեստական բանականությամբ գերհամակարգչի մեքենաները սկսեցին աշխատել ԱՄՆ հիվանդանոցներում՝ որպես բժիշկներ: Watson-ը ախտորոշումներ էր կատարում և բուժում էր նշանակում: ԱՄՆ-ում թոքերի քաղցկեղի ախտորոշումից հետո բուժման ճշգրտությունը կազմում է 50%, իսկ Watson-ի մոտ` 90%: Կարո՞ղ եք մատնանշել իրավաբանի, ով հիշում է միլիոնավոր էջանոց տեքստը, հարյուր հազարավոր նախադեպային որոշումներ, և ոչ միայն հիշում է, այլ կարողանում է անհապաղ վերլուծել այդ տեղեկատվությունը և լուծում տալ: Ես չեմ կարող: Ավելին, ամերիկյան հայտնի իրավաբանական մի ընկերություն արդեն օգտագործում է IBM Watson արհեստական բանականությամբ գերհամակարգիչ: Ռոբոտ-փաստաբանը պատասխանում է հարցերին, հետևում է դատական ​​պրակտիկային և սովորելու ունակություն ունի: Ինչպես տեսնում ենք, ժամանակակից տեխնոլոգիաները լուրջ մարտահրավեր են նետում իրավաբանական մասնագիտությանը։ 

-Նոր տեխնոլոգիաները լավն են, բայց ի՞նչ կարծիք ունեք իրավագիտության ոլորտի աշխատաշուկայում հնարավոր գործազրկության մասին:

-Մարդկանց կողմից իրականացվող ծրագրերը ներբեռնվում են համակարգիչ: Դա հանգեցնում է միլիոնավոր գործազուրկների առաջացման: Այն, ինչ մասնագետներն անում են այսօր, վաղը կանեն կիսամասնագետները, իսկ մյուս օրը` ռոբոտները: Համակարգչային ծրագիրն արդեն այսօր փոխարինում է վաճառողներին, բանկային ծառայողներին, անշարժ գույքի գործակալներին, ապահովագրական գործակալներին, ֆոնդային շուկայի թրեյդերներին: Շուտով վարորդների կարիքը չի լինի: Տեխնոլոգիան մարդկանց ազատում է միապաղաղ աշխատանքից: Այնուամենայնիվ, դրանք էլ զրկում են նրան աշխատանքից: Իմաստ չունի մարդ վարձել, եթե նրա աշխատանքը հնարավոր է ավտոմատացնել: Համակարգիչն աշխատավարձի և արձակուրդի կարիք չունի: Ի դեպ, սա ես չեմ ասում, այլ  աշխարհի առաջատար տնտեսագետները, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող տնտեսագետ Դարոն Աժեմօղլուն՝ «100 տարի անց։ Առաջատար տնտեսագետները կանխատեսում են ապագան» գրքում:

-Այսինքն ՝ մասնագետների կարիքը գնալով նվազելո՞ւ է և գործազրկությունն էլ անխուսափելի՞ է:

-Ես չէի ցանկանա, որ իմ խոսքերը հետ մղեն իրավագիտության ֆակուլտետների ապագա ուսանողներին իրավաբան դառնալու ցանկությունից, քանի որ այստեղ խնդիրն ավելի գլոբալ է: Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում կա 200 միլիոն գործազուրկ: Համաշխարհային տնտեսությունը չի ստեղծում աշխատատեղեր: Ընդհակառակը, դրանք կրճատվում են: Այդ պատճառով, ես ապագա իրավաբաններին համառորեն խորհուրդ կտամ հեռու մնալ դասական «Old School»-ի իրավագիտությունից և մտածել իրավագիտության ոլորտում նոր ուղղության մասին:

-Ի՞նչ եք կարծում, 21-րդ դարում ի՞նչի համար է գումար վճարվելու իրավաբանին:

-Կարծում եմ՝ առնվազն իրավունքից գործողության ծրագիր կազմելու կարողության համար: Դուք կհարցնեք՝ արդյո՞ք իրավագիտության ֆակուլտետի ուսանողին սովորեցնում են դա անել: Կարծում եմ, որ դա պետք է անհապաղ ուսուցանվի, քանի որ եթե իրավաբանը չգիտի որևէ բան, որը չի կարելի մեքենայից հարցնել, ապա նա դատապարտված է: