Անտոնովն ընդդեմ Բուլղարիայի

Դիմումատուն՝ Յորդան Անտոնովը, ազգությամբ բուլղարացի է, ծնվել է 1940 թվականին, բնակվում է Օկորշ գյուղում (Բուլղարիա): Դիմումատուն բողոքել է, որ իշխանությունները չեն կատարել իր օգտին կայացված դատական որոշումները՝ անհիմն գանձված հարկերի վերադարձի կարգադրության վերաբերյալ: 

2000 թվականին Դիմումատուն աուդիտի է ենթարկվել հարկային մարմինների կողմից: Համապատասխան ժամանակահատվածում նա գյուղատնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչ է հանդիսացել։ Հարկային մարմինները եզրակացություն են կազմել, որի համաձայն՝ Անտոնովից գանձվել է 28․128 եվրո՝ ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի համար: Այնուհետև, դատական քննություն է իրականացվել, և 2004 թվականին Վառնա շրջանի դատարանը հարկային մարմիններին կարգադրել է նոր ստուգում (աուդիտ) կատարել: Դատարանը պարզել է, որ հարկային ստուգումը խախատել է օրենքով սահմանված դրույթները, քանի որ Դիմումատուն աուդիտի է ենթարկվել որպես ֆիզիկական անձ, մինչդեռ գանձվող հարկերը վերաբերել են գյուղատնտեսական բնագավառում գործունեություն ծավալող ասոցիացիային, որի օրինական ներկայացուցիչն էր Դիմումատուն: 

2004 թվականին իրականացված աուդիտից հետո հարկային մարմինները նոր եզրակացություն են կազմել​​՝ Դիմումատուից գանձելով 20.825 եվրո: Դիմումատուն իրենից գանձված հարկերի վերաբերյալ հայց է ներկայացրել դատարան՝ նյութական վնասների հատուցման պահանջով։ 2007 թվականին դատարանը չեղյալ է հայտարարել 2004 թվականին գումարի գանձման մասին կազմված եզրակացությունը՝ որոշելով, որ հարկեր գանձելու անհրաժեշտություն չկա: Հարկային մարմինները բողոքել են դատարանի կայացրած որոշման դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել այն։

2008 թվականի նոյեմբերին և նույն թվականի դեկտեմբերին Գերագույն վարչական դատարանը վերահաստատել է դատարանի որոշումը և կարգադրել է իշխանություններին վերադարձնել Դիմումատուից հարկերի համար գանձված գումարը՝ համապատասխան սահմանված տոկոսներով: Նյութական վնասների հատուցման վերաբերյալ Դիմումատուի պահանջի քննությունը հետաձգվել է մինչև դատարանի որոշումն անվավեր ճանաչելու և վարույթները վերսկսելու պահանջով հարկային մարմինների նախաձեռնությամբ հարուցված դատական ​​վարույթի ավարտը։

Իշխանությունների գործողությունները, ի վերջո, անհաջող են ավարտվել, և 3,5 տարի անց Դիմումատուին վերադարձվել է անհիմն և անօրինական կերպով գանձված գումարը: Միևնույն ժամանակ, 2003-2008թթ. իշխանությունները աճուրդի են հանձնել Դիմումատուի մի շարք անձնական իրեր՝ 2001 և 2004 թվականներին Դիմումատուի հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով։

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը (սեփականության պաշտպանություն)՝ Դիմումատուն բողոքել է իրենից անտեղի և անհիմն գանձված հարկերի գումարները վերադարձնելու պարտավորությունը չկատարելու մասին և պնդել է, որ հարկային մարմինները չեն իրագործել դատական որոշումները։

Դիմումատուն նշել է, որ ներքին օրենսդրության և դատարանի վերջնական որոշման համաձայն, հարկային մարմինները պետք վերադարձնեին իրենից անհիմն գանձված գումարները երեսուն օրվա ընթացքում, սակայն իշխանությունները տարբեր խորամանկություններ են կիրառել՝ վճարումից խուսափելու համար: Դիմումատուն նաև բողոքել է, որ իշխանություններն իր դեմ սկսել են կատարողական վարույթներ: Արդյունքում, մի շարք ակտիվներ սառեցվել են, այնուհետև վաճառվել են պետական ​​աճուրդներում: Վերջապես, Դիմումատուն բողոքել է նաև, որ փոխհատուցում է ստացել գրեթե չորս տարի հետո, և այդ տարիների ընթացքում ստիպված է եղել մասնակցել տարբեր դատական գործընթացների, ինչը էական ազդեցություն է ունեցել իր ֆինանսական վիճակի վրա:

Կառավարությունը դիրքորոշման մեջ նշել է, որ իշխանությունների կողմից խախտումներ և հետաձգումներ չեն եղել, քանի որ գանձված գումարները վերադարձվել են Դիմումատուին հարկային մարմինների կողմից դատարանի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով ընթացող վարույթի ավարտից հետո։

Անդրադառնալով սույն գործի փաստերին՝ ՄԻԵԴ-ը նկատել է, որ ներքին դատարանների որոշումները կատարելու և օրենքով սահմանված կարգով երեսուն օրվա ընթացքում գումարները վերադարձնելու փոխարեն, հարկային մարմիններն այդ որոշումների անվավերությունը ճանաչելու և վարույթները վերսկսելու մասին պահանջ են ներկայացրել: Չնայած դատարանը հաստատել է, որ իշխանություններին պետք է տրվի բավարար չափով ազատություն՝ հարկային քաղաքականության պարտականությունները կատարելու համար, սակայն նաև նշել է, որ չի ապացուցվել, որ իշխանությունների կրկնվող գործողություններն ունեցել են ակնկալվող հաջողություն դատական գործընթացներում և արդարացված են սույն գործի հանգամանքներում: 

ՄԻԵԴ-ը նշել է, որ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածում նշված «սեփականություն» հասկացությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական ապրանքների տիրապետմամբ։ «Պահանջը» նույնպես կարող է համարվել «գույք» կամ «սեփականություն», եթե բավարար չափով հաստատված է, որ այդ պահանջը կարող է օրինականորեն իրագործվել։ Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի, միջամտությունը, ներառյալ՝ հարկերի և տուգանքների վճարումն ապահովելու համար իրագործվող միջոցների արդյունքում կատարված միջամտությունը, պետք է ապահովի «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև: Դատարանը վերահաստատել է, որ Դիմումատուի` իր օգտին կայացված վճիռն իրագործելու անկարողությունը միջամտում է գույքի անարգել օգտագործման իրավունքին։

ՄԻԵԴ-ը նշել է, որ դատական որոշումների չկատարումն օրենքով սահմանված ժամկետում հանգեցրել է Դիմումատուի՝ գույքի անարգել օգտագործման իրավունքի իրացման նկատմամբ պետության ոչ իրավաչափ միջամտության։ ՄԻԵԴ-ը պարզել է, որ չի պահպանվել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված «արդար հավասարակշռությունը» հասարակության ընդհանուր շահերի և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև, չի պահպանվել նաև համաչափության ողջամիտ հարաբերությունը կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև։ 

Այսպիսով, ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։ Դատարանը վճռել է, որ Բուլղարիան պետք է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարի 3․500 եվրո և 1․930 եվրո՝ դատական ծախսերի համար։