Օտարերկրյա ներդրողների համար պաշտպանության լավագույն միջոցը շարունակում է մնալ միջազգային պաշտպանությունը․ իրավաբան

Օտարերկրյա ներդրումների իրավական հարցերով զրուցել ենք «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈԻՆ» իրավաբանական գրասենյակի ավագ իրավաբան, ասպիրանտ Նազելի Թովմասյանի հետ։ 

– Այժմ շատ է խոսվում օտարերկրյա ներդրումների և դրանց կարևորության մասին: Ի վերջո, որոնք են օտարերկրյա ներդրումները, և ո՞ր փաստաթղթերում կարող ենք գտնել դրանց սահմանումները:

– Օտարերկրյա ներդրումների սահմանումը կարող ենք գտնել «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն օտարերկրյա ներդրում է համարվում գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցները և մտավոր արժեքները, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

Մեր երկրում օտարերկրյա ներդրողը կարող է ներդրում կատարել արտարժույթով, արժութային այլ արժեքներով, ՀՀ ազգային դրամով, շարժական ու անշարժ գույքով ու դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով, բաժնետոմսերով, պարտատոմսերով, մեր օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով, արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով, վճարովի ծառայություններով և այլն:

Սրանցից բացի՝ ներդրումների և դրանց տեսակների սահմանումների կարող ենք հանդիպել երկկողմ և բազմակողմ ներդրումային պայմանագրերում (Bilateral Investment Treaty, Multilateral Investment Treaty), որոնց միջոցով երկու պետություններն իրենք են որոշում, թե փոխադարձաբար ինչն են համարելու օտարերկրյա ներդրում իրենց երկրում:

Ինչ վերաբերում է միջազգային փաստաթղթերին, ապա օտարերկյա ներդրումների սահմանումը բացակայում է միջազգային իրավունքում, և հենց դա էլ հնարավորություն է տալիս պետություններին ունենալ իրենց համար ընդունելի տարբերակները:

– ՀՀ-ում ո՞վ է համարվում օտարերկրյա ներդրող:

-Մեր օրենսդրությամբ օտարերկրյա ներդրող է համարվում օտարերկրյա պետությունը, օտարերկրյա իրավաբանական անձը, օտարերկրյա քաղաքացին, ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը, ՀՀ տարածքից դուրս մշտապես բնակվող ՀՀ քաղաքացին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունը, որը ներդրում է կատարում Հայաստանում:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ օտարերկրյա ներդրողի սահմանումը միջազգային իրավունքի բարդ հարցերից է, քանի որ այս հարցում նույնպես չկա միասնական մոտեցում և պետություններից յուրաքանչյուրն ունի իր համար ընդունելի սահմանումը: Բացի այդ, միջազգային արբիտրաժներն ու վեճերի լուծման կենտրոններն ունեն իրենց սկզբունքներն օտարերկրյա ներդրողի սահմանման վերաբերյալ:

– ՀՀ օրենսդրությամբ նախատեսվու՞մ են օտարերկրյա ներդրումներ կատարելու համար բարենպաստ պայմաններ, այսպես ասած, երաշխիքներ, որպեսզի հնարավոր լինի մեծ ծավալի օտարերկրյա ներդրումներ ներգրավել:     

-Իրականում սա ամենակարևոր հարցն է, քանի որ առանց ներպետական օրենսդրությամբ երաշխիքներ, վեճերի լուծման արդյունավետ միջոցներ ամրագրելու հնարավոր չէ օտարերկրյա ներդրումներ ներգրավել: Այդ երաշխիքներն են պետության ներսում ձևավորում ներդրումային միջավայրը, որից էլ կախված է հնարավոր ներդրումների հոսքը:

Մենք մեր օրենսդրությամբ ամրագրել ենք հավասար վերաբերմունքի սկզբունքը, այսինքն՝ հավասար պայմաններ ենք ապահովում օտարերկրյա ներդրողների և ՀՀ քաղաքացիների (իրավաբանական անձանց) կողմից կատարվող ներդրումների համար: Միևնույն ժամանակ օտարերկրյա ներդրողների համար առավելությունների սահմանման հնարավորություն ենք նախատեսել, նաև ազգայնացումն ու բռնագրավումը բացառելու վերաբերյալ դրույթներ ունենք: Սակայն ամենակարևոր երաշխիքը շարունակում է մնալ ՀՀ օրենսդրության փոփոխության դեպքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, ներդրում կատարելու պահին գործող օրենսդրության կիրառման հնարավորությունը, որի տևողությունը 5 տարի է: Սա նշանակում է, որ, օրինակ, եթե օտարերկրյա ներդրողը պետության ներսում ներդրում է կատարում՝ ելնելով օրենսդրական ինչ-որ արտոնություններից, այնուհետև ներդրում կատարելուց մեկ տարի անց օրենքի փոփոխություն է տեղի ունենում, և այդ դրույթները կորցնում են իրենց ուժը, օտարերկրյա ներդրողն իրավունք ունի պահանջելու, որ իր նկատմամբ շարունակեն կիրառվել այդ արտոնությունները` իր կողմից տվյալ պետության ներսում ներդրում կատարելու պահից սկսած հինգ տարվա ընթացքում:   

– Իսկ լինու՞մ են դեպքեր, երբ պետությունը, այնուամենայնիվ, խախտում է օտարերկրյա ներդրողների իրավունքները։ Ի՞նչ բնույթի խախտումներ են լինում դրանք:

-Անշո‘ւշտ, լինում են: Որքան էլ որ ներդրողները պաշտպանված լինեն ներպետական օրենսդրությամբ, նրանք երբեք ամբողջությամբ չեն կարող պաշտպանված լինել իրենց իրավունքների հնարավոր ոտնահարումներից: Խախտումները տարբեր են՝ կախված պետության իրավական ռեժիմից, կառավարման կարգից, սոցիալ-տնտեսական դրությունից և այլ պայմաններից: Օտարերկրյա ներդրողները հիմնականում բախվում են անհավասար մոտեցման ընդունող երկրի իշխանությունների կողմից, որն արտահայտվում է թե´ սեփական ներդրողների, և թե´ այլ օտարերկրյա ներդրողներին տարբեր վերաբերմունք և հնարավորություններ տալով: Հանդիպում են նաև օտարերկրյա ներդրումների ազգայնացման դեպքեր․ երբեմն պետություններն արգելքներ են դնում օտարերկրյա ներդրողի կողմից սեփական երկրից աշխատակիցների թիմ ձևավորելու հարցում և այլն։

– Նման դեպքերում ինչպե՞ս կարող են իրենց իրավունքները պաշտպանել ներդրողները, պաշտպանության ի՞նչ միջոցներ կան։    

-Իրենց իրավունքների խախտումների դեպքում ներդրողներն ունեն պաշտպանության երկու հնարավոր տարբերակ՝ ներպետական և միջազգային ատյաններում։ Առաջին տարբերակը՝ ներպետական դատարաններում իրավունքի վերականգնման հնարավորությունն է, սակայն այն այդքան էլ արդյունավետ կառուցակարգ չէ։ Իսկ սրա պատճառները մի քանիսն են համապատասխան մասնագիտացված դատարանների (այդ թվում մեր երկրում), դատավորների մոտ այդ ոլորտում մասնագիտական հատուկ գիտելիքների բացակայությունը, նաև լեզվի իմացության խնդիրը և այլն։ Այդ պատճառով էլ օտարերկրյա ներդրողների համար պաշտպանության լավագույն միջոցը շարունակում է մնալ միջազգային պաշտպանությունը, որը կարող է իրականացվել միջազգային արբիտրաժներում և վեճերի լուծման այլընտրանքային այլ միջոցներով։

– Մեր օրենսդրությամբ ամրագրվա՞ծ է միջազգային արբիտրաժի կամ այլ կառույցի դիմելու հնարավորությունը։  

-Ո‘չ։ Մեր օրենսդրությամբ նման հնարավորություն չի նախատեսվում, և այդ մասով, կարելի է ասել, որ օրենքը թերի է։ Այս պահին նման դրույթներ կարելի է գտնել Հայաստանի Հանրապետության կողմից այլ պետությունների հետ կնքած ներդրումների խրախուսման մասին երկկողմանի համաձայնագրերում։ Միջազգային իրավունքում սրանք հայտնի են BIT անվամբ։ Այդ համաձայնագրերում ուղղակիորեն նշվում է, որ վեճերի առաջացման դեպքում ընդունող պետությունում օտարերկրյա ներդրումներ կատարած անձինք կարող են դիմել Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնին (ICSID) (հաճախ ներպետական ատյանները սպառելուց հետո), որը ստեղծվել է Համաշխարհային բանկի կազմում և ի սկզբանե օտարերկրյա ներդրումների խրախուսման և աշխարհում տնտեսական զարգացումը խթանելու նպատակ է ունեցել։   Հույս ունենանք, որ նոր խմբագրությամբ օրենքի տեքստում անպայման կնախատեսվի միջազգային արբիտրաժներին և վեճերի լուծման այլընտրանքային միջոցներին դիմելու օտարերկրյա ներդրողի իրավունքը։

– Հայաստանի Հանրապետությունը երբևէ հանդես եկե՞լ է միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթներում։

-Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միայն մեկ գործ է եղել Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում (ICSID), 2007 թվականին: Սակայն դիմումից մոտ վեց ամիս անց կողմերը դիմել են կենտրոն՝ վարույթը կասեցնելու միջնորդությամբ, իսկ վարույթի նյութերը գաղտնի են, ուստի գործի հանգամանքների մասին այլ տեղեկատվություն հայտնի չէ:

 Հարցազրույցը վարեց Աստղիկ Ավետիքյանը 

[views]