Օսմանյանները և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուները՝ Սուրեն Օսմանյանը, Սերոբ Օսմանյանը, Բակուր Օսմանյանը, Մանե Օսմանյանը և Դոնարա Ամիրաղյանը, ազգությամբ հայ են, ծնվել են համապատասխանաբար 1935, 1961, 1988, 1990 և 1966 թվականներին, բնակվում են Հայաստանի Լոռու մարզի Թեղուտ գյուղում: Գործը վերաբերում է Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող հանքագործական արդյունաբերությամբ զբաղվելու համար նախատեսված հողամասի սեփականազրկման գործընթացին։ ՄԻԵԴ-ում Դիմումատուների շահերը ներկայացրել է քաղաք Վանաձորում գործունեություն ծավալող փաստաբան Կարեն Թումանյանը:

2007 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարությունն ընդունել է 1279-Ն (ՀՀ Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին) որոշումը, որի համաձայն՝ Շնողի և Թեղուտի 81.483 հեկտար հողերի, ինչպես նաև՝ անտառային հողերի նկատմամբ ճանաչվել է բացառիկ, գերակա հանրային շահ: Բնակիչներին իրենց պատկանող հողերի համար՝ որպես փոխհատուցում, առաջարկվել է կադաստրային գնից ցածր գին` մեկ քմ հողակտորի համար 37-65 դրամ: Մինչդեռ Թեղուտում 1 քմ հողի կադաստրային արժեքը  տարիներ շարունակ կազմել է 222 դրամ: Այնուհետև, դատական գործընթացներ են սկսվել, և Թեղուտի բնակիչները դիմել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ կառավարությանը մեղադրելով իրենց հողամասերի արժեքը սխալ գնահատելու մեջ:

Սույն գործով բոլոր Դիմումատուները հանդիսանում են Հայաստանի Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող 0.383 հեկտար մակերես ունեցող հողամասի համատեղ սեփականության մասնակիցներ: 2007 թվականին Հայաստանի կառավարությունը որոշել է, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը կարող է սեփականազրկման գործընթացի միջոցով գնել վերոհիշյալ հողատարածքի տարբեր հատվածները՝ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով:

Անշարժ գույքի կադաստրային գնահատման և նախնական փորձաքննության արդյունքների համաձայն՝ Դիմումատուներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասի շուկայական արժեքը գնահատվել է 409 եվրոյին համարժեք դրամ: Այնուհետև, հանքարդյունաբերական գործունեություն ծավալող «Թեղուտ» ընկերությունը Դիմումատուներին առաջարկել է հողամասի համար վճարել 470 եվրո, սակայն Դիմումատուները հրաժարվել են իրենց առաջարկվող չափազանց ցածր գումարից։

2008 թվականի մայիսին «Թեղուտ» ՓԲԸ-ն դիմել է Դատարան՝ Դիմումատուներին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի կնքմանը պարտադրելու և նրանց հողերը պետական և հասարակական կարիքների համար համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջով:

Դատական գործընթացների շրջանակներում մի քանի փորձաքննություն է իրականացվել: 2011 թվականին Դատարանի կարգադրությամբ՝ Դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի գնահատման արժեքը կազմել է 575 եվրոյին համարժեք դրամ: Սակայն Դիմումատուները բողոքել են Դատարանի կայացրած որոշման դեմ: Դիմումատուներից մեկն իր բողոքի մեջ նաև գնահատման օբյեկտի արժեքի թերագնահատման մասին փաստարկներ է ներկայացրել, քանի որ փորձաքննության ժամանակ հողամասի պտղատու ծառերի գնահատում չի իրականացվել: Այնուամենայնիվ, Հայաստանի Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած բողոքը:

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կովենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուները բողոքել են իրենց պատկանող հողամասի արժեքը սխալ գնահատելու և այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքից իրենց զրկելու որոշման մասին:

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել կովենցիայի 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուներին վճարել 10.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։