Օմեր Գյուներն ընդդեմ Թուրքիայի 

Դիմումատուն՝ Օմեր Գյուները, ազգությամբ թուրք է, ծնվել է 1969 թվականին, բնակվում է Թուրքիայի Այդըն նահանգում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու և հանցագործության կատարմանն օժանդակելու համար իրեն դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից իրեն զրկելու և փաստաբանի բացակայության պայմաններում կատարված հարցաքննության հիման վրա իրեն դատապարտելու որոշման մասին։ 

Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն աշխատել է հյուրանոցային համալիրում՝ որպես կառավարիչ։ 2002 թվականի հուլիսին Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» անօրինական ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հատուկ գործողությունների ժամանակ ձերբակալել են Դիմումատուին։ Այնուհետև, ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են կատարել հյուրանոցային համալիրում Դիմումատուի համար նախատեսված սենյակում։ Խուզարկության արդյունքում Դիմումատուի սենյակում հայտնաբերվել են մի շարք կասկածելի առարկաներ։ Ոստիկանության աշխատակիցները փաստաբանի բացակայության պայմաններում հարցաքննել են Դիմումատուին, և վերջինս խոստովանել է, որ թույլատրել է անօրինական ահաբեկչական խմբավորման հետ սերտ կապերի մեջ գտնվող 2 անձանց ժամանակավորապես բնակվել հյուրանոցում և օգտագործել իր մեքենան։ Հայտնի, որ այդ անձանցից մեկն ազգությամբ գերմանացի է։ Հետագայում, վերջինս նույնպես բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

2002 թվականին Թուրքիայի ներպետական դատական ատյանները մեղադրանք են առաջադրել Դիմումատուին՝ անօրինական ահաբեկչական կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու և կազմակերպության անդամներին օժանդակելու համար։ Դիմումատուն հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։ Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը մի քանի անգամ կասեցվել է։ Այնուամենայնիվ, 2006 թվականի մարտին Առաջին ատյանի դատարանը Դիմումատուին 10 ամսվա ազատազրկման դատապարտելու և վերջինիս նկատմամբ տուգանք նշանակելու մասին վճիռ է կայացրել։ Դիմումատուն բողոքել է իրեն դատապարտելու մասին Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ Թուրքիայի Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Դիմումատուն անօրինական ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու գործողություններ է իրականացրել և հաստատել է Առաջին ատյանի կայացրած որոշումը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանվելու իր ընտրած դատապաշտպանների միջոցով, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Այսպիսով, Դիմումատուն բողոքել է իր դատավարության արդարացիության մասին։ Վերջինս բողոքել է, որ իր դեմ հարուցված քրեական գործի հետաքննության և նախաքննության փուլում իրեն իրավաբանական օգնություն չեն հատկացրել։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ Առաջին ատյանի դատարանն իր գործով դատավճիռ կայացնելիս հաշվի է առել միայն հարկադրանքի ներքո և փաստաբանի բացակայության պայմաններում իր տված վկայությունները։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

ՄԻԵԴ-ը վճռել է, որ վերը նշված խախտման բացահայտումն ինքնին պատշաճ և արդարացի բավարարում է և արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է դատական ծախսերի համար Դիմումատուին վճարել 31  եվրո գումարի չափով փոխհատուցում։