Օմբուդսմենի վերլուծությունը՝ պետական մարմինների աշխատանքի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այդ մասին տեղեկացնում է «panorama.am»-ը:

Մասնավորապես, համաձայն կայքի հաղորդման, Կարեն Անդրեասյանն անդրադարձել է յուրաքանչյուր ոլորտի, որոնց ղեկավարները ներկա էին քննարկմանը:

Պաշտպանի խոսքով, Սահմանադրական դատարանն այս տարի մի քանի փայլուն որոշումներ է կայացրել, որոնք ժողովրդի համար դրական նախադրյալներ են ստեղծել:

«Ոստիկանության համակարգում ծեծը, բռնությունը, կաշառակերությունը վերջին տարիներին գրեթե վերացել է, նվազել է, ոստիկանները դարձել են ավելի վստահելի, բարեկիրթ, բարեհամբույր»,- ասել է Կ. Անդրեասյանը:

Նա նշեց, որ խաղաղ հավաքների հետ կապված որոշակի խնդիրներ կան, ինչը կարելի է լուծել միասին աշխատելու արդյունքում:

Արդարադատության նախարարության հետ կապված, պաշտպանն ասել է, որ մի շարք դրական կոնկրետ խոստումներ են ստացել, ինչը կարևոր գրավական է:

«Քննչական կոմիտեն նոր մարմին է: Կոնկրետ մարդակենտրոն աշխատանք է տանում, տուժողի, մեղադրողի իրավունքները պաշտպանվում են: Այս մարմնի աշխատանքում թափանցիկ մոտեցում ենք տեսնում: Մարդկանց իրավունքները ռեալ երաշխավորվում են»,- ասել է Կ. Անդրեասյանը:

Կրթության և գիտության նախարարության ձեռբերումներն էլ, ըստ օմբուդսմենի, շատ մեծ են:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին էլ շնորհակալություն հայտնեց Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում կատարված դեպքերի բացահայտման համար:

«Դրական համագործակցություն ունենք կառավարության հետ: Ակնկալում ենք հաջորդ տարի էլ շարունակել այդ համագործակցությունը»,- ասել էնա՝ հավելելով, որ ցանկալի է սոցիալական նշանակություն ունեցող հարցերի քննարկման վերաբերյալ ավելի լայն հարթակ ստեղծել:

Պաշտպանության նախարարության կատարած աշխատանքի վերաբերյալ Կ. Անդրեասյանն առանձնացրել է ադրբեջանական սիստեմատիկ ագրեսիաներին դիմագրավելը, որը մարդու իրավունքների պաշտպանության, հերոսության լավագույն դրսևորումներից է: Այս ամենը, ըստ նրա, հետևողական աշխատանքի արդյունք է: Նա նշեց, որ զորակոչիկների բաշխման ընթացքում վերացել են կոռուպցիոն դրսևորումները:

Իրենց հերթին, հանդիպմանը մասնակից մյուս պաշտոնյաները անդրադարձել են իրենց գերատեսչությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականներին և իրենց ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: