Փաստաբանների նկատմամբ տեղի են ունենում աննախադեպ և համակարգված հետապնդումներ

Դատարաններում դատական կարգադրիչների կողմից ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ փաստաբանները սեպտեմբերի 13-ին բողոքի ակցիա են կազմակերպելու գործադուլի տեսքով: Գործադուլին միանալու համաձայնություն է տվել ավելի քան 150 փաստաբան: 

Փաստաբան, «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի խոսքով խնդիրներ առաջացել են  դատավարության մեկնարկից ամիսներ առաջ.

 «ՔԿՀ-ներում հաճախակի էր դարձել ապօրինի գործողությունների կատարումը, այսինքն՝ խուզարկությունները կամ մեր պաշտպանյալների հետ առանձնազրույցներին որևէ կերպ միջամտելը։ Մենք ամիսներ շարունակ բարձրաձայնել ենք՝ բազմաթիվ փաստաբաններ լրատվամիջոցների միջոցով, տարբեր հնարավոր ճանապարհներով բարձրաձայնել են այդ մասին, սակայն որևէ պատկան մարմին խնդրին լուծում չի տվել»,- ասաց փաստաբանը, հավելելով, որ խնդրին լուծում տալու համար Փաստաբանների պալատը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, խորհուրդը որոշումներ կայացրեց, սակայն ոչ թե խնդիրը լուծվեց, այլ ավելի խորացրեց այն երևույթները, որոնք տեղի էին ունենում։

«Այս գործադուլը պարզապես մի գործողություն է, բողոքի ձև է, որը մենք ընտրեցինք: Հավաստիացնում եմ, որ դա ամենևին էլ մեր ցանկացածը չէր: Մենք բոլորս, մեր մասնագիտական պարտքը կատարելու համար պատշաճ կարգով մշտապես ներկայանում էին դատական նիստերին, և ամբողջ օրը անցկացնում էինք դատարանի միջանցքում կամ դատարանի շենքի մոտ, ինչի արդյունքում իմ կոլեգաները, և ես՝ մեկ տասնյակից ավել սանկցիաներ էինք ստանում դատարանի կողմից»,- փաստաբանը նշեց, որ ըստ էության ոչ Փաստաբանների պալատը, ոչ Դատական դեպարտամենտը, և ոչ էլ  պատկան մարմինները չփորձեցին իրավական լուծում տալ խնդրին, ուստի 150-ից ավել փաստաբաններով  որոշեցինք գործադուլ անել:

«Նախատեսում ենք այդ միջոցով հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը. թեև կարծում ենք՝ նրանք պետք է վաղուց ականջալուր լինեին և ավելի ուշադիր լինեին խնդիրներին։ Հուսով ենք, որ համապատասխան հետևություններ կկատարեն և հրատապ ձևով համապատասխան միջոցներ կձեռնարկեն խնդիրները վերացնելու ուղղությամբ»,-նշեց պաշտպանը:

Ըստ փաստաբան, «Սասնա ծռերի» անդամներ Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի՝  խուզարկություններն արվում են միայն «Սասնա ծռերի» եւ Սեֆիլյանի ու մյուսների գործով դատավարություններին:

«Այս խնդիրները առաջացել են դեռ նախաքննության փուլից, երբ փորձ էր կատարվում արգելել տեսակցությունները մեր պաշտպանյալների հետ, մասնավորապես այս տարվա փետրվարին ինձ արգելվեց հանդիպել իմ պաշտպանյալների հետ Արմավիր ՔԿՀ-ում»,- փաստաբանը հավելեց, որ սա կապված է միայն այս 2 դատական գործերի հետ և այլ գործով փաստաբանները երբևէ նման խնդրի չեն բախվել:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը օրենսդրության մասին խոսելիս, նշեց, որ մինչ այս փաստաբանները երբեք չեն խուզարկվել և օրենքով փաստաբանի մոտ գտնվող իրերը անձեռնմխելի են.

«Դատական օրենսգրքում, այո՛, նշված է, որ դատական կարգադրիչը կարող է զզնության ենթարկել, բայց որևէ տեղ նշված չէ, որ պետք է զզնության ենթարկի փաստաբանին, դատավորին, կամ դատախազին՝ չկա նման որևէ հոդված: Փաստաբանության մասին օրենքում նշված է, որ փաստաբանը չի կարող խուզարկվել եւ պաշտպանյալների վերաբերյալ իրերն անձեռնմխելի են»,- ասաց  Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի և Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը, հավելելով, որ մեծ հարցական կա՝ զննության իրավունք կա, թե՞ ոչ:

Մուշեղ Շուշանյանի խոսքերով՝ փաստաբանների նկատմամբ տեղի են ունենում աննախադեպ և համակարգված հետապնդումներ.

«Փաստաբանների նկատմամբ հետապնդումների մեջ ներգրավված են նաև Փաստաբանական պալատի նախագահը և   ՓՊ-ի այլ մարմիններ: ՓՊ-ի նախագահի և խորհրդի կրավորական կեցվածքի արդյունքում է, որ այս վիճակը ոչ թե շատ արագ լուծում ստացավ, այլ ավելի խորացավ»,-ասաց Մուշեղ Շուշանյանը հավելելով, որ ՓՊ նախագահի բոլոր քայլերը ուղղված են հետապնդման ենթարկվող փաստաբանների դեմ և նպատակ ունեին պետական մարմինների կողմից փաստաբանների  գործունեության միջամտությունը օրինականացնել, լեգիտիմացնել:

Օրինակների մասին խոսելիս փաստաբանը նշեց այն, որ ՓՊ նախագահը ոստիկանության աշխատակիցների կամ դատախազության գրությունների վրա հիմնվելով փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում՝ առանց որևէ հիմքի առկայության:

 «Ես չեմ բացառում որ փաստաբանների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու դեպքերին ականատես կլինենք»,- ասաց Մուշեղ Շուշանյանը, հավելելով, որ արդեն փաստաբան Արայիկ Պապիկյանը իր  և իր ընտանիքի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է ստացել:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի