Սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթ, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարար Վ. Վաշչենկոն, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներ, արտերկրից ժամանած բարձրաստիճան հյուրեր, դիվանագետներ, միջազգային և հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում Հայ Առաքելական Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն օրհնեց փրկարարներին՝ իր խոսքում ընդգծելով, որ փրկարարները, կյանքեր փրկելով, կամուրջ են հանդիսանում Աստծո և մարդկանց միջև:
Իր ելույթում ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մասնավորապես ասաց.
– Այս շարահրապարակում է երախտիքի և դրվատանքի արժանի փրկարարների մի մասը միայն, իսկ մյուս մասն օր ու գիշեր ծառայության են՝ մշտապես պատրաստ արագ օգնության հասնելու: Այդ թվում նվիրյալներ, ովքեր վերջերս կարողացան արդարացված ռիսկի դիմելով արժանապատվորեն մի քանի ճակատով պայքարել երկրի տարբեր տարածքներում գրեթե միաժամանակ բռնկված հրդեհների դեմ, այդ ամենի հետ մեկտեղ նաև օգնության ձեռք մեկնելով հարևան Վրաստանին: Սիրելի փրկարարներ, շնորհակալություն ձեզ՝ պատվով ծառայելու, ձեր մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարելու համար: Շնորհավորում եմ բոլորիս ու վստահեցնում, որ միասին մենք հասնելու ենք առաջադրված խնդիրների իրականացմանը՝ ապահովելով հայրենիքի կայուն զարգացումը: Միշտ պատրաստ ենք ծառայության՝ հանուն խաղաղ և անվտանգ կենսագործունեության:
Պարգևատրման արարողությունից հետո կարճ համերգային ծրագրով ԱԻՆ աշխատակիցներին շնորհավորեցին նախարարության մշակույթի կենտրոնի սաները և սիրված երգիչներ:
ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբն ազդարարեց շքերթի սկիզբը, որի հրամանատար, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ՝ մասնակիցները դուրս եկան «Հանդիսավոր երթի»:
Տոնական շքերթից հետո ի հիշատակ մարտական գործողությունների և ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված փրկարարների՝ ՀՀ ԱԻ նախարարության բակում տեղի ունեցավ նաև քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի հեղինակած նոր խաչքար-հուշարձանի օծման արարողությունը:
Նույն օրը հանդիսավորությամբ բացվեց ՀՀ ԱԻ նախարարության 3-րդ՝ հիմնովին վերանորոգված մասնաշենքը, որտեղ տեղակայված են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը, պետական ռեզերվների գործակալությունը, Աղետների բժշկության կենտրոնն ու պոլիկլինիկան, ինչպես նաև՝ հոգեբանական ծառայությունը:
ՀՀ նախագահը և հյուրերը շրջեցին շենքում, ծանոթացան ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության կենտրոնի, Աղետների բժշկության կենտրոնի և Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի լաբորատորիայի աշխատանքներին: