Արբիտրաժային կարգով գործերի քննությունը ներկայիս ապրանքադրամական շրջանառության պայմաններում առանձնապես կարևոր է այն առումով, որ ապահովում է վեճերի լուծման համար այն արագագործությունը, որը հատկապես կարևոր է գործարար անձանց համար: Եվրոպական արբիտրաժային պալատի առանձնահատկություններից մեկն այն է, որ արբիտրաժ դիմած կողմերը վստահ են լինում, որ կայացված որոշումները պայմանավորված չեն լինի քաղաքական ենթատեքստով, կապահովվի արբիտրների բացարձակ անկախությունը, իսկ վարույթային կարգը միասնական է և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Արբիտրները հրավիրվում են տարբեր երկրներից և իրավագիտության, գործարար և գիտական շրջանակների արհեստավարժ ու ճանաչված մասնագետներ են:
Եվրոպական արբիտրաժային պալատի մյուս կարևոր առանձնահատկությունը ամենատարբեր ոլորտների համար անհրաժեշտ փորձագիտական ռեսուրսների առկայությունն է, որը ևս համապատասխանում է միջազգային չափանիշներին: Որպես փորձագետներ ընդգրկված են Եվրամիության անդամ երկրներից, ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, ասիական երկրներից, Արաբական Միացյալ Էմիրություններից հրավիրված մասնագետներ:
Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանը, Եվրոպական արբիտրաժային պալատի շրջանակներում գործելով, ղեկավարվում է Բելգիայի դատական օրենսգրքով և իր կանոնադրությամբ:
Եվրոպական արբիտրաժային պալատի անդամներ են.
- արհեստավարժ իրավաբաններ
- իրավաբանական ընկերությունների գործընկերներ
- դատավորներ
- մեդիատորներ (միջնորդները)
- գործարարներ
- քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ
- գիտնականներ և հասարակական գործիչներ` Եվրոպական Միության անդամ երկրներից, ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, ասիական երկրներից և այլն:
Եվրոպական արբիտրաժային պալատի կազմում գործող Միջազգային առևտրային արբիտրաժային դատարանի (ՄԱԱԴ) առավելություններն են.
- ՄԱԱԴ աշխատակիցները իրավագիտության, ֆինանսների, ֆոնդային շուկայի, տնտեսության, ապահովագրական ոլորտների առաջատար մասնագետներ են, ինչը համարվում է գլխավոր առավելությունը գործարարների և այլ շահագրգիռ անձանց համար
- ֆինանսական և ապահովագրական մասնագիտացումների առկայությունը
- արբիտրաժի կազմում ընդգրկվում են տարբեր երկրներից հրավիրված փորձագետներ
- արբիտրաժի գործունեությունը նպաստում է եվրոպական իրավունքի կիրարկմանը:
Երիտասարդ իրավաբանների մասնագիտական առաջխաղացման նպաստումը
Եվրոպական արբիտրաժային պալատի ջանքերի նշանակալի մասը ուղղված է երիտասարդ իրավաբանական ընտրանու ձևավորմանը:
Այս ուղղությամբ հիմնական նպատակներից է բարձր մակարդակի կրթական ծրագրերի իրականացումը, որոնք ուղղված են եվրաինտեգրմանը. ծրագրերում ներգրավվում են բարձր որակավորում ունեցող իրավաբաններ, դիվանագիտական ոլորտի մասնագետներ, իրավապաշտպաններ, գործարար շրջանակների անվանի ներկայացուցիչներ:
Եվրոպական արբիտրաժային պալատի համար առաջնային նշանակություն ունի համագործակցությունն այլ միջազգային արբիտրաժային միությունների, բուհերի ,եվրոպական իրավունքի դպրոցների հետ, իրականացվում են մասնագետների փոխանակման ծրագրեր, երիտասարդ իրավաբանների ստաժավորում:
Ինչպե՞ս դիմել Եվրոպական արբիտրաժային պալատի կազմում գործող ՄԱԱԴ
Արբիտրաժային դատարանին դիմել ցանկացող կողմը (ՄԱԱԴ կանոնադրության համաձայն` հայցվոր) ուղարկում է իր գրավոր պահանջը (հայց) ՄԱԱԴ քարտուղարություն:
ՄԱԱԴ քարտուղարությունը Բրյուսելում է: Մինչև գրանցման գումարի վճարումը, որի չափը որոշվում է «արբիտրաժային գանձումների և ՄԱԱԴ ծախսերի վերաբերյալ» որոշմամբ սահմանված կարգով, հայցը չի համարվում ներկայացված: Գրանցման համար վճարված գումարը վերադարձի ենթակա չէ: Հայցվորի կողմից գրանցման համար նախատեսված գումարի վճարման հաստատումը ստանալուց հետո հայցը համարվում է ընդունված, և դրանից հետո ՄԱԱԴ քարտուղարությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում կողմերին է ուղարկում արբիտրաժային վարույթը սկսելու մասին որոշումը: