Վկայի համոզմամբ Հայկազ Բարսեղյանը չէր կարող ինքնասպանություն գործել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում ավարտվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Վաչե Սահակյանի հարցաքննությունը:

Այսօրվա նիստի ընթացքում հետազոտվեցին ամբաստանյալի և մյուս կուրսանտների առերեսումների տեսագրությունները: Նշենք, որ տեսանյութերից պարզ դարձավ, որ  կուրսանտները առերեսումների ժամանակ Վաչե Սահակյանի մոտ ասել են, որ Հայկազին անկողնու մեջ ծեծելուց հետո ամբաստանյալները ցանկացել են այնպես սարքել, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է, անգամ ցանկացել են նրան գցել պատուհանից: Վկաներից մեկը նույնիսկ ասել է, որ Վաչե Սահակյանը բռնել էր Հայկազի ոտքերից:

Հրապարակված տեսանյութերում երևում էր նաև, որ վկաներից մի քանիսի հետ տեղի ունեցած առերեսումների ժամանակ Վաչե Սահակյանը դրսևորել է ագրեսիվ պահվածք, նույնիսկ սպառնացել է և ձեռքը բարձրացրել է որպեսզի հարվածի:

Վաչե Սահակյանի խոսքերով այդ ժամանակ ինքը դուրս է եկել հունից, քանի որ վկաները կեղծ ցուցմունքներ են տվել. «Ուղղակի ինքնատիրապետումս կորցրել էի, ժեստերս էլ չէի կարողանում կառավարել, այդ պատճառով ձեռքս բարձրացրել եմ»:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ իր տված ցուցմունքում Վաչե Սահակյանը հայտնել էր, որ ինքը կատարվածի հետ ոչ մի առնչություն չի ունցել, իսկ Ռազմական ոստիկանությունում իր նկատմամբ ճնշումներ են գործադրել:

Ամբաստանյալի հարցաքննությունից հետո ցուցմունք տվեց գործով վկա Արթուր Վահանյանը, որը սովորել էր նույն համալսարանում, իսկ դեպքից հետո դուրս էր եկել համալսարանից: Նրա խոսքերով մթնոլորտը փոխվել էր և ինքն իրեն վատ էր զգում:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ էր ինչ հնարավոր չէր լինում Արթուր Վահանյանին հրավիրել դատարան, քանի որ վերջինս հանրապետությունում չէր գտնվում:

Նկարագրելով Հայկազ Բարսեղյանին վկան նշեց, որ նա շատ հանգիստ, համեստ, կամքի ուժ ունեցող տղա էր, և նա չէր կարող ինքնասպանություն գործել, դրանում համոզվել է հատկապես այն ժամանակ, երբ տեսել է նրա անկողինը արյան մեջ կորած:

«Երբ տեսա այդ արյունը զարմացա, թե ոնց կարա մարդ այդքան արյուն կորցնելուց հետո գնա կախվի»,- ասաց նա:

Արթուր Վահանյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալների հետ ևս ունեցել է նորմալ հարաբերություններ, նրանցից ավելի լավ ճանաչել է Նորիկ Սահակյանին:

Անդրադառնալով տեղի ունեցածին վկան հայտնեց, որ դեպքի օրը՝ երեկոյան, ինքը, Մովսեսը, Վաչեն, Վարազդատը և ևս մի քանի հոգի նշել են Վաչեի ծննդյան տարեդարձը, իսկ սնունդն ու օղին եղել է իր կողմից:

«Սնունդը եղել է իմ տնից բերված, բայց ոչ այդ կերուխումի համար, այնպես չի եղել, որ մենք ունցել են ջերմ հարաբերություններ, պարզապես իմացել եմ, որ Վաչեի ծնունդն է և չի կարողացել նշել, առաջարկել եմ, որ նշի իմ սնունդով, վերցրել եմ այն և բարձրացել վերև»,- ասաց վկան՝ հավելելով, որ հացկերույթը տևել է մոտ 30 րոպե, որից հետո ինքն ու Վարազդատը իջել են իրենց վաշտ:

Այնուհետև ինքը ցանկացել է սուրճ խմել և այդ ընթացքում խոսել է հեռախոսով, սակայն կապիտան Մանուկյանը տեսնելով դա կանչել է իր մոտ և մոտ 2 ժամ բացատրություն տալուց հետո գնացել է պառկելու:

«Այդ ժամանակ վերևից ուժեղ գմփոց է լսվել, որից հետո քնել եմ»,- ասաց նա:

Պատասխանելով կողմերի հարցերին վկան հայտնեց, որ օղին եղել է ընդամենը 1 շիշ և 7 հոգով խմել են 1 կամ 2 բաժակ, իսկ Հայկազի մահվան մասին իմացել է առավոտյան, երբ բոլորը սկսել են փնտրել նրան, ինքը ևս փնտրել է ու տեսել է մարզահրապարակում պտտաձողից կախված վիճակում:

Արթուր Վահանյանը նաև հյատնեց, որ Հայկազին տեսել էր դեպքի օրը՝ հացկերույթից 30 րոպե առաջ:

Վկայի ցուցմունքից հետո մեղադրանքի կողմը միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցուցնմունքերը՝ գտնելով, որ դատաքննական և նախաքննական ցուցմունքերում առկա են էական հակասություններ:

Նշենք, որ նախաքննական ցուցմունքներում վկան հայտնել էր, որ Վաչեն և Հայկազը ունցել են կոնֆլիկտներ, քանի որ Հայկազը չի ցանկացել ենթարկվել Վաչեին: Վկան նաև նշել է, որ հացկերույթի ժամանակ խմել են 4 կենաց, իսկ դատարանում հայտնել էր, որ ընդամենը 2 բաժակ են խմել:

Արթուր Վահանյանի ցուցմունքից հետո դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: