Վիզին ընդդեմ Սլովակիայի 

Դիմումատուն՝ Ստեֆան Վիզին, ազգությամբ ավստրիացի է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Ավստրիայի Վիեննա քաղաքում։ Դիմումատուն համագործակցում է Ավստրիայի խոշոր ֆինանսական և արդյունաբերական ընկերությունների հետ և զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Գործը վերաբերում է Սլովակիայի Բրատիսլավա քաղաքում Դիմումատուի գրասենյակից էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչները բռնագրավելու մասին որոշմանը։

Սլովակիայի իշխանությունների կարգադրությամբ՝ 2009 թվականին տեղի Դատախազության մարմինները Բրատիսլավա քաղաքում խուզարկություն են կատարել Դիմումատուի գրասենյակում և բռնագրավել են էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչները: Նրանք մեղադրել են Դիմումատուին խարդախության, վստահված գաղտնիքի բացահայտման և ընկերությունների մասին գաղտնի տեղեկությունների վաճառքի իրականացման մեջ։

2010 թվականին Սլովակիայի Սահմանադրական դատարանը պարզել է, որ Դիմումատուի գրասենյակը խուզարկության ենթարկելու և գույքի բռնագրավում կատարելու մասին որոշումը կայացվել է օրինական հիմքերի բացակայության պայմաններում։ Այնուհետև, Դատարանը կարգադրել է վերադարձնել Դիմումատուի գրասենյակում ապօրինի կերպով խուզարկություն կատարելու արդյունքում բռնագրաված բոլոր առարկաները։

2012 թվականին Դիմումատուի գրասենյակից բռնագրաված առարկաները, ներառյալ՝ էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչները, վերադարձվել են Դիմումատուի փաստաբանին: Այնուամենայնիվ, հիմք ընդունելով սույն գործով հետաքննությունը շարունակելու և նոր վկային հարցաքննության ենթարկելու մասին Սլովակիայի Դատախազության կարգադրությունը՝ Դիմումատուի գրասենյակի առարկաները կրկին բռնագրավել են։

Դիմումատուն բազմիցս հայցեր և բողոքներ է ներկայացրել՝ իր գրասենյակում ապօրինի կերպով խուզարկության իրականացնելու և բռնագրավում կատարելու վերաբերյալ, սակայն, ապարդյուն։ 2013 թվականին Դիմումատուն բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան, սակայն Դատարանը մերժել է այն՝ հիմնավորելով, որ նման բողոքի քննությունը դուրս է Սահմանադրական Դատարանի իրավասության շրջանակներից։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է օրինական հիմքերի և հանցագործության հատկանիշների բացակայության պայմաններում Սլովակիայում գտնվող իր գրասենյակում խուզարկություն կատարելու որոշման օրինականության մասին։ Դիմումատուն նաև հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ Սլովակիայի Դատախազության մարմինների իրականացրած ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջի մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Սլովակիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 2.000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։