Վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետն իրականացնում է վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները

Երեկ Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության ​​հրապարակից հայտարարեց, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չի կարող արտակարգ դրություն հայտարարել, մասնավորապես, ասելով. «Նա հանկարծ չհամարձակվի վարչապետի լիազորություններ իրեն վերագրել։ Դա կարող է համարվել նույնիսկ քրեական հանցագործություն»:

Legalinfo.am- ի խնդրանքով «Ի-էԼ-ԷԼ գործընկերություն» իրավաբանական գրասենյակի իրավաբան Ռուզաննա Հարությունյանը պարզաբանում է։ Ըստ նրա մեկնաբանության.

Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու իրավահարաբերությունները կանոնակարգվում են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև Վարչապետի՝ թիվ 412-Լ «Վարչապետին փոխարինելու և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու» կարգով:

Վերոնշյալ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ Վարչապետը սահմանում է իր բացակայության ժամանակ առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը, այդ թվում, վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետի լիազորությունների ծավալը: Այդ կարգով պետք է սահմանվի նաև վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու կարգը:

Նշված դրույթին համապատասխան էլ Վարչապետի կողմից ընդունվել է թիվ 412-Լ «Վարչապետին փոխարինելու և վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում առաջին փոխվարչապետի կողմից վարչապետին փոխարինելու» կարգը, որի II գլխի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»Հ այաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասի 14-րդ մասով սահմանված դեպքում Կառավարության որոշման հիման վրա վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը:

Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինող առաջին փոխվարչապետն իրականացնում է վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները:

Այսպես, տվյալ իրավիճակում, Կառավարության թիվ 470-Ա որոշմամբ կայացվել է որոշում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին, հետևաբար՝ Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասը նույն օրենքի 14-րդ մասով սահմանված կարգով՝ Կառավարության որոշմամբ, և հետևաբար՝ ստեղծված իրավիճակում կիրառելի են արդեն հիշատակված դրույթները: Իսկ այդ դրույթների ուժով էլ Կարեն Կարպեատյանը՝ որպես վարչապետ Սերժ Սարգսյանի «հրաժարականի» պահին գործող առաջին փոխվարչապետ, իրավասու է իրականացնել վարչապետի՝ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր լիազորությունները:

Հարկ է նկատել, որ վերոնշյալ կանոնակարգումները տարածվում են առկա իրավահարբերությունների նկատմամբ, քանի որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարեցնող ՀՀ Կառավարության վերոնշյալ 470-Ա որոշման ուժով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տվել, այլ այդ որոշմամբ փաստվել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին: Վերոնշյալի մասին է հավաստում նաև այն հանգամանքը, որ այդ որոշման մեջ որպես իրավական հիմք հղում է կատարվել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 14-րդ մասին, որը կարգավորում է Վարչապետի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման կայացման կարգը, այլ ոչ թե Վարչապետի հրաժարականի մասին որոշման կայացման կարգը: Դեռ ավելին, Սերժ Սարգսյանի կողմից «Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ» հայտարարության մեջ առկա չէ որևէ նշում իր կողմից հրաժարական տալու մասին: