Վարկային կազմակերպության կառավարչին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարչին՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության համար։2018թ. հունվարի 1-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մուտք է գործել «Սեֆ Ինթերնեյշնլ» կազմակերպության Վանաձորի մասնաճյուղ, ապա բացել չհրկիզվող պահարանը և հափշտակել առկա կանխիկ գումարը և քաղաքացիների կողմից գրավադրված ոսկյա զարդերը:

Դեպքի առթիվ 2018թ. հունվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ստեղծվել քննչական խումբ, մշակվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ  քաշվել աշխատանքային վարկածներ։

Ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է գողության մեխանիզմը, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ հափշտակությանն առնչություն է ունեցել նաև վարկային կազմակերպության մասնաճյուղի կառավարիչը, պարզվել նրա դերակատարության աստիճանը։

Նախնական քննության տվյալներով՝ գողության իրականացումը ծրագրվել է դեռևս  2017 թվականի օգոստոսին՝ կառավարչի նախաձեռնությամբ, ինչի շուրջ համաձայնություն է ձեռք բերել մեկ այլ քաղաքացու հետ։ Պայմանավորվածության համաձայն՝ 2017թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատավածում ժամանել է Վանաձոր քաղաք, ուսումնասիրել և ծանոթացել հիշյալ մասնաճյուղի տարածքին և դրամապահոցին, ապա կառավարչից վերցրել վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկու փականներից մեկի բանալին և կրկնօրինակել այն:

Այնուհետև 2017թ. դեկտեմբերի 29-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, կառավարիչը մասնաճյուղի գանձապահից վերցրել է վերջինիս մոտ գտնվող դրամապահոցի երկրորդ փականի բանալին, այն դրել  փականի մեջ՝ պատրանք ստեղծելով իբր փակել է փականը՝ իրականում բաց թողնելով այն:

Նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, մասնաճյուղի աշխատակիցների հեռանալուց հետո, կառավարիչն անջատել է թվային տեսագրության համակարգը և դրամապահոցից գաղտնի հափշտակել առանաձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերը և առկա առանձնապես խոշոր չափերի գումարը:

Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հունվարի 01-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, մյուս քաղաքացին մասնաճյուղի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, ապօրինի մուտք է գործել գրասենյակ, անջատել անվտանգության համակարգը, իր մոտ գտնվող կրկնօրինակ բանալիով բացել դրամապահոցի դուռը, գաղտնի հափշտակել մնացած ոսկյա զարդերը և գումարը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը կառավարչին մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան։

Կառավարիչը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կատարված գողությանը մասնակից մյուս անձին հայտնաբերելու, հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։