ՍԴ-ն որոշում է կայացրել քրեական օրենսգրքի հոդվածներից մեկի սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ

ՀՀ սահմանադրական դատարանը 2018 թվականի սեպտեմբերի 18-ին որոշում է կայացրել «Ռոմիկ Դանիալի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի` «Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ» դրույթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»։ Սահմանադրական դատարանը որոշման մեջ արձանագրել է, որ 2017 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1394 որոշմամբ գտել է, որ Օրենսգրքի 375-րդ հոդվածը «համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ հոդվածի՝ «պետք է հանձնվի» և «հանձնվում է» արտահայտությունները նշանակում են ամբողջական ակտի՝ ցանկացած եղանակով /այդ թվում՝ էլեկտրոնային/ հասանելի դարձնելն օրենքով նախատեսված սուբյեկտներին՝ պայմանով, որ դատական ակտի պատճենը կողմին էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնելը չբացառի դատական ակտի թղթային տարբերակը կողմին տրամադրելը»:

Վիճարկվող հոդվածի և դրա հետ համակարգային ամբողջության մեջ գտնվող Օրենսգրքի մյուս հոդվածների վերաբերելի դրույթների վերլուծությունից հետևում է, որ դատավճռի պատճենն ստանալու համար միջնորդություն ներկայացնելը շահագրգիռ անձի համար իրավաբանական բարդություններ չի ստեղծում կամ հավելյալ լուրջ դժվարություններ (լրացուցիչ ջանքերի գործադրում, նոր ծախսերի կատարում և այլն) չի առաջացնում: Բացի դրանից, միջնորդության քննությունը խճճված կամ անհարկի ընթացակարգեր հաղթահարելու կամ դատավճռի պատճենը չստանալու ռիսկեր չի պարունակում, քանի որ դատարանն այդ դեպքում անվերապահորեն պարտավոր է տրամադրել դատավճռի պատճենը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սկզբունքորեն ընդունելի համարելով արդարադատության պատշաճ իրականացման նպատակով օրենսդրությամբ ընթացակարգային սահմանափակումների և պահանջների սահմանումը, գտնում է, որ դիմողը պարտավոր է զգալի ջանքեր ցուցաբերել դատավարական ընթացակարգային պահանջների կատարման ուղղությամբ (Jodko v. Lithuania, no.39350/98, որոշում դիմումի ընդունելիության մասին, 7/09/1999)։

Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի «Տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին դատավճռի պատճենն այդ նույն ժամկետում հանձնվում է նրանց միջնորդությամբ» դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։