«Սարի թաղի» գործով ամբաստանյալ Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի գործով նիստը։

«Սարի թաղի» գործով ամբաստանյալներից  Էդուարդ Զեյթունյանը կրկին կալանավորված է, վերջինիս փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքերով՝ Էդուարդ Զեյթունյանը կալանավորվել է թմրանյութերի հետ կապված գործի շրջանակներում:

Հիշեցնենք, որ Հրայր Իսախանյանի, Հարություն Թորոսյանի, Էդուարդ Զեյթունյանի խափանման միջոց կալանավորումը սույն թվականի հուլիսի 8-ին, դատավոր Աննա դանիբեկյանի նախագահությամբ փոխվել էր, ընտրվել էր այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրությամբ ազատ արձակելու մասին, իսկ ամբաստանյալ Անդրանիկ Քյոսեյանի խափանման միջոց կալանավորումը փոխել էր գրավի դիմաց ազատ արձակելով, գրավի չափ էր սահմանվել 700 000 ՀՀ դրամ։

Այսօրվա նիստին դատարան չէր ներկայացել Էդուրադ Զեյթունյանը, քանի որ դատարանը տեղյակ Էդուրադ Զեյթունյանի մեկուսարանի վայրի մասին, ուստի չէր կարող ապահովել վերջինիս ներկայությունը դատական նիստին, արդյունքում, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին:

Հիշցնենք, որ Էդուարդ Զեյթունյանին Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 19.07.2016թ. ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ։