«Սասնա ծռեր»-ի անդամներ Գևորգ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանը գրավի դիմաց ազատ արձակվեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց «Սասնա Ծռեր»-ի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ։

Այսօրվա նիստին, ինչպես նախորդ նիստին չէին ներկայացել ամբաստանյալներ Մարտիրոս Հակոբյանը և Արամ Հակոբյանը, վերջիններս գտնվում են հիվանդանոցում, չէր ներկայացել նաև Թորոս Թորոսյանը, վերջինս գրությամբ դատարանին տեղյակ էր պահել իր բացակայության պատճառի մասին՝ նշելով, որ որդին ավտովթարից մահացել է, ուստի դատարանին խնդրել է, որ առանց իր ներկայության նիստը շարունակվի։ Լիպարիտ Սիմոնյանը դատարանին միջնորդեց նիստը շարունակել առանց իր պաշտպանյալ Թորոս Թորոսյանի ։

Մեղադրող կողմը չառարկեց՝ արդյունքում նիստը շարունակվեց։ Դատարան էին մուտքագրվել Գևորգ Իրիցյանի և Թաթուլ Թամրազյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները։

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին միջնորդեց իր պաշտպանյալներ Գևերգ Իրիցյանի և Թաթուլ Թամրազյանի խափանման միջոցները փոխել՝ ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։ Գրավ ընտրելու համար դատարանին խնդրեց հաշվի առնել վերջիններիս գույքային վիճակը։

Մեղադրող կողմը չառարկեց միջնորդության դեմ։
Ընդմիջումից հետո դատարանը հրապարակեց հանրային պաշտպան Արմինե Ֆանյանի միջնորդությունները բավարարելու մասին որոշումը, հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները և վերջիններիս տևական ժամանակ անազատության մեջ գտնվելը։

Ըստ որոշման՝ Գևորգ Իրիցյանն ու Թաթուլ Թամրազյանն ազատ արձակվեցին 500 000 ՀՀ դրամ գրավի դիմաց։

Նիստը հետաձգվեց բացակա ամբաստանյալների ներկայությունը ապահովելու նպատակով, հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 27_ին։