Սասնա Ծռերից Մխիթար Ավետիսյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ Սասնա Ծռերի 10 անդամների գործով դատավարությունը։ Մխիթար Ավետիսյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը հանդես եկավ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ։ Վերջինս խնդրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխարինել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։

Ինեսսա Պետրոսյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանյալը դատավարության ողջ ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ եւ ազատության մեջ գտնվելով չի խոչընդոտի արդար դատաքննությանը։ Նշենք, որ Մխիթար Ավետիսյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էյնֆիաջյանը, որոնք քիչ անց ներկայացան դատարան և հաստատեցին իրենց դիրքորոշումը՝ ներկայացնելով նաեւ վճարման անդորրագիրը։

Նշենք, որ պատգամավորներից յուրաքանչյուրը Մխիթար Ավետիսյանի խափանման միջոցը փոխելու համար վճարել է 500 հազարական ՀՀ դրամ։ Մեղադրող կողմը չառարկեց ներկայացված միջնորդությունը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց բավարարել ներկայացված միջնորդությունը և Մխիթար Ավետիսյանին անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճից։

Որից հետո դատական նիստը հետաձգվեց։