ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է վերահսկողության շրջանակում երևանյան երկու արտադրամասերի գործունեությունը կասեցնելու մասին որոշումները: Անհատ ձեռնարկատեր Արմեն Խոստեղյանի բաստուրմայի արտադրամասում հայտնաբերվել էին սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների և մակնշման խախտումներ, բացի այդ՝ տնտեսվարողը չէր ներկայացրել հումքի անվտանգությունը հավաստող փաստաթղթեր, արձանագրվել էին արտադրության և լաբորատոր հսկողության խախտումներ: «ՇուշանԷլ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունն էլ կասեցվել էր լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի թողարկման դեպքի պատճառով. «Խաշ» և «Պելմենի ավանդական» արտադրատեսակների նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չէին համապատասխանել սահմանված նորմերին: Երկու արտադրամասում էլ հայտնաբերված խախտումները վերացվել են, տնտեսվարողներին թույլատրվել է վերսկսել արտադրական գործունեությունը: