Սահմանամերձ համայնքներում արտադրամասեր հիմնող նախաձեռնողներին արտոնություններ կտրամադրվեն

ՀՀ ՊՆ մատակարարման գործընթացն առավել արդար ու թափանցիկ կերպով կազմակերպելու, մատակարարների առաջարկները նկատի առնելու և բարձրաձայնած խնդիրները լուծելու նպատակով կայացել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի աշխատակիցների հերթական հանդիպումը մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։

ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը և զինված ուժերի թիկունքի վարչության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը հանդիպման մասնակիցների հետ քննարկել են սահմանամերձ համայնքներում արտադրամասեր ու ընկերությունների դուստր ձեռնարկություններ հիմնելու հեռանկարները և այն արտոնությունները, որոնք կտրամադրվեն նման նախաձեռնությունների հեղինակներին:

Թեթև արդյունաբերության ոլորտի, այդ թվում նաև զինված ուժերին զինվորական համազգեստ մատակարարող ընկերությունների ղեկավարները մի շարք խնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց տեսակետները, պատրաստակամություն են հայտնել առաջիկայում ներկայացնել իրենց առաջարկներն ու մտահղացումները: