Ռուսաստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը

Հունիսի 1-ին Ռուսաստանը ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետությունները ստանձնում են Անվտանգության խորհրդի նախագահությունը հերթով՝ այբբենական կարգով, անգլերենի այբուբենի համաձայն։

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի նախագահությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստեր կհրավիրի և կհաստատի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից նշանակված հանդիպումների օրակարգը։

Հունիսի 1-ին տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ժամանակ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլիյ Նեբենզիան կպատասխանի լրագրողների հարցերին, կներկայացնի ընթացիկ ամսվա աշխատանքային ծրագիրը և կանդրադառնա այն առաջնային թեմաներին, որոնք Ռուսաստանը պատրաստվում է քննարկել իր նախագահության շրջանում: ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստվում է քննարկել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատասխանատվություն է կրում միջազգային խաղաղության և անվտանգության համար։ Խորհրդի որոշումները՝ բանաձևերը, կրում են պարտադիր բնույթ ՄԱԿ-ի բոլոր անդամ պետությունների համար։ Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով: