Ջեսթուր Ջոնսսոնը և Ռագնար Հալլդոր Հալլին ընդդեմ Իսլանդիայի 

Դիմումատուները՝ Ջեսթուր Ջոնսսոնը և Ռագնար Հալլդոր Հալլին, ազգությամբ իսլանդացի են, ծնվել են համապատասխանաբար 1950 և 1948 թվականներին, բնակվում են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում: Գործը վերաբերում է Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին Դատարանի կայացրած որոշմանը:

Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուները փաստաբանական գործունեություն են ծավալել Իսլանդիայում: 2012 թվականի մարտին երկու անձանց դեմ քրեական գործ է հարուցվել: Նրանց գործով դատապաշտպաններ են նշանակվել երկու Դիմումատուները: 2013 թվականի ապրիլին Դիմումատուները դիմել են Դատարան՝ քրեական գործով դատապաշտպանների իրենց նշանակումը չեղյալ հայտարարելու պահանջով: Սակայն Դատարանը մերժել է Դիմումատուների ներկայացրած պահանջը:

Քրեական գործի շրջանակներում Իսլանդիայի ներպետական դատական ատյանները Դիմումատուների նախկին հաճախորդներին մեղավոր ճանաչելու և Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին որոշում են կայացրել՝ Դիմումատուների բացակայության պայմաններում: Մասնավորապես՝ ներպետական դատական ատյանները որոշել են, որ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, դատական նիստերին բացակայելու և վարույթի ժամանակ անհիմն ուշացումներ կատարելու համար Դիմումատուները պետք է 1.000.000 իսլանդական կրոն (յուրաքանչյուր Դիմումատուն մոտավորապես 6.200 եվրո) վճարեն: Դիմումատուները բողոքել են, որ իրենց գործով կայացած դատական նիստին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր չեն ստացել և չեն ծանուցվել՝ իրենց նկատմամբ տուգանք նշանակելու Դատարանի մտադրության մասին: Այնուհետև, Իսլանդիայի Գերագույն դատարանը հաստատել է Դիմումատուների նկատմամբ տուգանք նշանակելու մասին կայացված որոշումը:

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի, 2-րդ կետի և 3-րդ կետի խախտում, 7-րդ հոդվածի (պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուները բողոքել են իրենց գործով հեռակա դատավճիռ կայացնելու և իրենց բացակայության պայմաններում տուգանք նշանակելու որոշման արդարացիության մասին: Դիմումատուները նաև բողոքել են, որ ներպետական դատական ատյաններն իրենց մեղավոր են ճանաչել այն գործողությունների համար, որոնք ազգային օրենսդրության համաձայն քրեական հանցագործություն չեն համարվում: Բացի այդ, Դիմումատուները բողոքել են, որ իրենց նկատմամբ նշանակված տուգանքի գումարի չափը կանխատեսելի չէ Իսլանդիայի ներպետական օրենսդրությամբ: Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 7 Արձանագրության 2-րդ հոդվածի (քրեական գործերով գանգատարկման իրավունք) խախտում: Այսպիսով, Դիմումատուները բողոքել են դատական ակտի բողոքարկման իրավունքի խախտման մասին և հավելել են, որ իրենց ներկայացրած բողոքը քննվել է միայն Գերագույն դատարանում:

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։