Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայում Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ այս տարվա մայիսին Ուկրաինայում կստեղծվի անկախ Հակակոռուպցիոն դատարան։

«Մենք ցանկանում ենք արագացնել Ուկրաինայում անկախ Հակակոռուպցիոնդատարանի ստեղծման գործընթացը։ Ես լիովին համոզված եմ, որ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա առաջին կեսին, հավանաբար՝ մայիսին»,- ասել է Պորոշենկոն։ Նա նաև նշել է, որ եթե Ուկրաինան կատարի Հակակոռուպցիոն դատարան ստեղծելու պահանջը, Արժույթի միջազգային հիմնադրամը հերթական տրանշ կտրամադրի Ուկրաինային։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կիևում նախատեսվում է բացել «Կոռուպցիայի պուրակ»։ Այս նախաձեռնության հեղինակները նշել են, որ կոռուպցիայի դեմ պայքարը երկրի առաջնային խնդիրներից է։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Պորոշենկոյի ներկայացրած օրինագիծը՝ երկրի ներսում Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման մասին։ Նման կառույցի ստեղծումը հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած պայմաններից մեկը՝ Ուկրաինային հերթական տրանշ փոխանցելու համար։

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի խոսքերով՝ Ուկրաինայի պետական պարտքը գերազանցում է  65 միլիարդ դոլարը, ուստի, Կիևը պարտավոր է կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած պահանջները։