Պիլալիսը և ուրիշներն ընդդեմ Հունաստանի

Դիմումատուները՝ Դիմիտրիոս Պիլալիսը, Վարլամ Հարտիսլավան և Քրիստոֆորոս Մարտիդիսը, ազգությամբ հույն են, ծնվել են համապատասխանաբար 1941, 1977 և 1973 թվականներին։ Դիմումատուները կալանավորված են եղել Հունաստանի Դոմոկոս քաղաքի բանտում։ Գործի շրջանակներում Դիմումատուները բողոքել են՝ կալանավորման ընթացքում իրենց վատ պայմաններում պահելու մասին։

Դիմումատու Պիլալիսը ճանաչվել է 80%-ով անգործունակ՝ սրտի հետ խնդիրներ ունենալու պատճառով։ 2010 թվականից 2016 թվականը նա կալանավորված է եղել Դոմոկոսի բանտում։ 2013 թվականից 2016 թվականը Դիմումատու Հարտիսլավան կալանավորված է եղել նույն բանտում, այնուհետև վերջինիս տեղափոխել են մեկ ուրիշ բանտ։ Դիմումատու Մարտիդիսին կալանավորել և Դոմոկոսի բանտ են տեղափոխել 2009 թվականին, որտեղից նա ազատ է արձակվել 2015 թվականին։ Երեք Դիմումատուների խոսքերով՝ կալանավայրում իրենց պահել են վատ պայմաններում։ Կալանավորներին տեղավորել են բանտախցերում և յուրաքանչյուրին հատկացրել են ընդամենը 3 քառակուսի մետր տարածք՝ բանտի գերբնակեցման պատճառով։ Դիմումատուները բողոքել են նաև բանտի ջրամատակարարման հաճախակի կրճատումների, վատ սնունդի և բժշկական օգնության թերի սպասարկման մասին։

2015 թվականի փետրվարին Դոմոկոսի բանտի կալանավորները հրաժարվել են իրենց բանտախցեր վերադառնալ և հացադուլ են հայտարարել՝ պահանջելով անմիջապես բժիշկ նշանակել բանտում։ Նրանք պահանջել են հետևողական լինել կալանավորների առողջական վիճակին և ազատազրկման վայրում ապահովել բուժման մատչելիությունը։

Առաջին և երկրորդ Դիմումատուները բողոք են ներկայացրել Դոմոկոսի բանտում վերահսկողություն իրականացնող քննիչին, սակայն ապարդյուն։ Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Նրանք բողոքել են Դոմոկոսի բանտի վատ պայմանների և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է միացնել երեք Դիմումատուների բողոքները և արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում։  Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հունաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար յուրաքանչյուր Դիմումատուին վճարել 2․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։