«Պետք է աուդիտ անցկացնել «Վեոլիա ջուր» ընկերությունում». բանախոսները փաստարկներ են առաջ բերում

«Մենք կոչ ենք անում իշխանություններին, որ «Վեոլիա ջուր» ֆրանսիական մասնավոր ընկերության հետ պայմանագիր ստորագրելուց առաջ լավ մտածեն, համապատասխան աուդիտ անցկացնեն. համոզված ենք, որ շատ չարաշահումներ կհայտնաբերվեն», – այսօր նմանատիպ հայտարարությամբ հանդես եկան «Ժողովրդի ձայն» ՀԿ անդամներ Ծովինար Կոստանյանն ու Արման Ղուկասյանը:

2017թ հունվարի 1-ից ջրի սակագինը թանկացավ, օգոստոսին հայտնի դարձավ, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը կրկին սակագնի բարձրացման հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, առաջարկելով ջրի սակագինը բարձրացնել 14 դրամով՝ 180 դրամից դարձնել 194 դրամ: Հանձնաժողովն ունի 90 օր, որպեսզի բավարարի կամ չեղարկի հայտը:

«Վեոլիա ջուր»-ը թանկացման մի քանի պատճառաբանություններ է առաջ քաշում, մասնավորապես գնաճի խնդիրը. «Ըստ Ազգային վիճակագրության տվյալների, 6 ամսվա տվյալներով գնաճը շատ չնչին է եղել՝ 0,5-0,9%, այնինչ՝ ընկերությունը պատրաստվում է միանգամից 8%-ով բարձրացնել ջրի սակագինը»,- ասաց Ծովինար Կոստանյանը:

Թանկացման հաջորդ փաստարկն է ծավալների նվազումը, սակայն, բանախոսներն այս պատճառաբանությունը ևս անհիմն են համարում՝ նշելով, որ տեղի է ունեցել հակառակ գործընթացը՝ 1,2%-ով աճ է գրանցվել:

«Ի տարբերություն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, այս անգամ համատարած լռություն է տիրում ինչպես ակտիվ երիտասարդների, այնպես էլ տնտեսագետների շրջանում: Ինձ համար անհասկանալի է, թե երկրի ընդդիմություն համարվող «Ելք» դաշինքն ինչո՞ւ է մինչ օրս լուռ: Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, փորձելու ենք ամեն ինչ անել, արպեսզի այս անգամ ժողովրդի գրպանից չհարստացնեն ուրիշներին»,- նշեց Արման Ղուկասյանը:

Դեռ հունվար ամսին տեղի ունեցած թանկացումը «Վեոլիա ջուր» ընկերությունը բացատրեց աշխատանքների բարելավմամբ, սակայն մինչ օրս տեխնիկական և որակային բազում խնդիրներ կան՝ ջրանջատումներ, տեխնիկական թերի սպասարկում, հին խողովակաշարերի առկայություն և այլն:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի