Չինաստանի դեմ բազմաթիվ դատական ​​հայցեր են ներկայացվել կորոնավիրուսի պատճառով

Նրանք, ովքեր ներկայիս ճգնաժամը անվանում են «հիբրիդային համաշխարհային պատերազմ», պնդում են, որ «երրորդ համաշխարհային պատերազմը» արդեն գտնվում է իրավաբանական հարթության վրա: ԱՄՆ-ի և Իսրայելի դատարանները քննում են Չինաստանի իշխանությունների դեմ հարուցված մի շարք կոլեկտիվ դատական հայցեր: Դիմումատուները կարծում են, որ չինացիները մեղավոր են կորոնավիրուսի տարածման համար և դատարաններում պահանջում են Պեկինից բռնագանձել տրիլիոնավոր դոլարներ:

ԱՄՆ-ում արդեն մի քանի «հակաչինական» հայց է ներկայացվել իրավապաշտպան կազմակերպությունների և մի քանի իրավաբանական գրասենյակների կողմից: Ամերիկացիների նախաձեռնությունը շարունակել են իսրայելական կազմակերպությունները։ Չինաստանի դեմ ամենամեծ (20 տրիլիոն դոլար) գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել Freedom Watch & Co-ն: Ավելին, վերջին կոլեկտիվ բողոքը չի սահմանափակվել տեղի դատարանով, և հայցադիմումը միաժամանակ ուղարկվել է Հաագայի միջազգային քրեական դատարան։ Հայցվորները մեղադրում են Չինաստանին՝ կորոնավիրուսը ստեղծելու և այն կանխամտածված կամ պատահական տարածելու մեջ։ Վիրուսը, որը դուրս է եկել Չինաստանի նահանգից և ներթափանցել ԱՄՆ, դատական ​​հայցի մշակողների կարծիքով, «զանգվածային ոչնչացման կենսաբանական զենք է», և, հետևաբար, ՉԺՀ-ի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են: Հայցվորները ՉԺՀ-ին մեղադրանք են առաջադրել վեց կետերով, որոնք ներառում են ահաբեկիչներին նյութական աջակցություն, ԱՄՆ քաղաքացիներին վնաս պատճառելու կամ նույնիսկ սպանելու դավադրություն, անփութություն և օժանդակություն ԱՄՆ քաղաքացիների առողջության համար մահվան կամ լուրջ վնաս հասցնելու ռիսկին:

«Եթե Չինաստանի ղեկավարները չշփոթվեին կորոնավիրուսի բռնկման պատճառով և չփորձեին թաքցնել հիվանդության տարածումը, աշխարհը, միգուցե, կարողանար ավելի լավ պատրաստվել դրան»,- նշել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը և կոչ է արել Չինաստանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ նախաձեռնել միջազգային հետաքննություն՝ դիմելով ՄԱԿ-ի միջազգային դատարան:

Այնուամենայնիվ, շատ իրավաբաններ կարծում են, որ նման հսկայական գումարների պահանջներով կոլեկտիվ հայցերի ներկայացումն արդյունքներ չի տալու։ Ճիշտ է, միջազգային դատական ատյաններին դիմելը կարևոր է, բայց այս դեպքում անիմաստ է: Միակ իրավական հիմքը, որը կարելի է նշել այստեղ, առողջապահության միջազգային կանոններն են, որոնք հաստատվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2005 թվականին։ Ի թիվս այլ բաների, այդ կանոնները կազմակերպության անդամ պետություններին պարտավորեցնում են 24 ժամվա ընթացքում տեղեկացնել ԱՀԿ-ին իրենց տարածքում ցանկացած իրադարձության մասին, որը կարող է «միջազգային հանրության առողջության արտակարգ իրավիճակ» հանդիսանալ: Սակայն, այս կանոնները խախտելու մեջ Չինաստանին մեղադրելու համար անհրաժեշտ է ապացուցել, որ Չինաստանի իշխանությունները «համապատասխան ժամանակահատվածում» գիտեին, որ վիրուսը վտանգավոր է ողջ աշխարհի համար: Իսկ դա «գրեթե դժվար է հաստատել»: Այսօր վիրուսի մասին շատ ավելի քիչ գիտական ​​տվյալներ կան, քան անհրաժեշտ է, իսկ դեկտեմբեր-հունվար ամիսներին տեղեկատվություն գրեթե չի եղել: 

Բայց գլխավորը խնդիրը նույնիսկ դա չէ: Հիմնական հարցն այն է, որ միջազգային իրավունքի մեխանիզմները, որոնք առկա են այսօր, չեն նախատեսում որևէ պետություն դատապարտելու հնարավորություն՝ առանց այդ պետության համաձայնության: Զարմանալի է հնչում է, բայց Չինաստանին միջազգային ատյաններում դատապարտելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ Չինաստանը ինքը արտահայտի պատրաստակամություն գործին մասնակցելու: Թերևս, անհնար է, որ Չինաստանը համաձայնի կամավոր վճարել 20 տրիլիոն դոլար: Ամերիկացի իրավաբաններից շատերը կարծում են, որ «տուժած երկրները» պետք է պատասխանատվության ենթարկեն Չինաստանին ոչ թե դատական ճանապարհով, այլ դիվանագիտական հարաբերությունների և քննարկումների միջոցով։ Այլ կերպ ասած, նրանք առաջարկում են հույս դնել Պեկինի խղճի վրա: Այնուամենայնիվ, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կլինի չինացիների արձագանքը նման քաղաքականությանը. «Մենք մեղավոր չենք. դա վիրուս է, որը տարածվել է»,-այսպիսինը կլինի չինացիների պատասխանը, ըստ ամերկացիների, եթե իհարկե նրանք ընդհանրապես պատասխանեն նման հարցերին: