Որքանո՞վ են դատավորները պատժվում իրենց սխալների համար. Նիլս Մույժնիեկսի հարցը նախարար Մանուկյանին

1072ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 6-ին  հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի գլխավորած պատվիրակությանը:  Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՆ պաշտոնական կայքը:

Նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն առաջիկայում ավելի կխորանա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նախարարից հետաքրքրվել, թե որոնք են դատաիրավական ոլորտի բարեփոխումների նպատակները և գերակայությունները մեր երկրում: Հովհաննես Մանուկյանը պատասխանել է, որ դատաիրավական բարեփոխումները մեր երկրում դինամիկ բնույթ են կրում, և հիմնական խնդիրները վերաբերում են դատական համակարգի արդյունավետությանն ու հանրային վստահության բարձրացմանը:  Նախարարի համոզմամբ, հանրային վստահության մակարդակի բարձրացումը հնարավորություն կտա գործի դնել հետադարձ կապի մեխանիզմն ու ավելի արդյունավետ որոշումներ կայացնել: «Այս խնդիրը միայն պետական կառավարման ոլորտինը կամ դատական համակարգինը չէ, այն ավելի բազմաշերտ է և վերաբերում է այլ կողմերին ևս՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին և զանգվածային լրատվության միջոցներին: Պետք է աշխատենք նաև ԶԼՄ-ների հետ, որպեսզի մատուցվող տեղեկությունը լինի գրագետ ձևակերպված, համապատասխանի էթիկային սկզբունքներին և բացառվի ապատեղեկատվությունը»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:  

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այն հարցին, թե որքանով են դատավորները պատժվում իրենց սխալների համար, Հովհաննես Մանուկյանը պատասխանել է, որ հարցը շատ զգայուն է և դրա լուծմանը պետք է զգույշ մոտենալ: Անհրաժեշտ է մշակել կիրառելի գործիքակազմ, որն ուղղված կլինի կարգապահական պատասխանատվության մեխանիզմների ճիշտ գործադրմանը: Ըստ նրա՝ այստեղ գործադիր իշխանության միջամտությունը կարող է վտանգել դատական իշխանության անկախությունը, ուստի պետք է հարցը լուծել առավելապես ներքին վերահսկողության կարգավորումների միջոցով:

Նիլս Մույժնիեկսին հետաքրքրել է նաև դատավորների ծանրաբեռնվածության հարցը: Նախարարը նշել է, որ ներկայում առկա են գործերի օպտիմալ բաշխման որոշակի խնդիրներ և ընդգծել, որ Արդարադատության նախարարությունը դատական համակարգի գործընկերների հետ նախանշել է դրանց լուծման ուղղությունները:

Հյուրերին ներկայացվել է նաև քրեական և քրեադատավարական օրենսդրության համակարգում նախատեսվող փոփոխությունները, դրանցով առաջարկվող կարգավորումների էությունը և գործադրման երաշխիքները: Մասնավորապես, Արդարադատության նախարարի կողմից արձանագրվել է, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով նախատեսվել են կալանքին այլընտրանքային նոր խափանման միջոցներ: Կալանքը համարվում է բացառիկ միջոց, որի կիրառության համար անհրաժեշտ է հավաստել, որ խափանման մյուս միջոցներով հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական վարույթի ընթացքում: Այդ կերպ, նախատեսվում է լուծել մեկ այլ խնդիրը, որը վերաբերում է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությանը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև դատախազության և քննչական ծառայությունների հետ համագործակցության աշխատանքներին, ինչպես նաև՝ դատապարտյալների պահման պայմանների բարելավմանն ուղղված մի շարք բարեփոխումներին, այդ թվում՝ դատապարտյալների հոգեբանական և մշակութային խնդիրներին առնչվող հարցերի ուղղությամբ տարվող աշխատանքներին ու ծրագրերին: Հովհաննես Մանուկյանը հանդիպման ավարտին Նիլս Մուժնիկսին հանձնել է դատապարտյալի ձեռքով պատրաստված հուշանվեր և համոզմունք հայտնել, որ արդարադատությունն ի վերջո կլինի հասարակական հարաբերությունների լավագույն կարգավորիչը: 

Աղբյուրը՝ justice.am