Ոստիկաններն այցելեցին անօթևանների կենտրոն

Արդեն ավանդույթ է դարձել` ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ պարբերաբար, այս կամ այն կերպ, աջակցում են մանկատներին, սոցիալապես անապահով ընտանիքներին, անօթևաններին: Սեպտեմբերի 13-ին հերթական միջոցառումը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողներն էին կազմակերպել: Վարչության, ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզային ստորաբաժանումների ծառայողները իրենց այգիներից, հողամասերից միրգ, իսկ կին ծառայողները` իրենց պատրաստած խմորեղենն էին բերել Վարդաշենի 9-րդ փողոցում գտնվող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի համալիրում բնակվող անօթևանների կենտրոնի շահառուներին: Կացարանում ապրում է 98 անօթևան: Ոստիկանները զրուցեցին նրանց հետ` պարզելու, թե ով, ինչ հանգամանքներում է հայտնվել կացարանում, ինչ խնդիրներ ունի և ինչով կարելի օգնել:
Իրավապահները նաև կտակարաններ էին բերել, որ հանձնեցին միջոցառման ավարտին: Մարդիկ ոստիկանների այցից և՛ ուրախ էին, և՛ հուզված:
Անակնկալն, իրոք, ստացվել էր. ինչպես միշտ` ոստիկանությունը քաղաքացու կողքին է: