Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ, հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

InvestigatoryՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Այդ մասին հաղորդում է ՀՔԾ տեղեկատվական կենտրոնը:

Մասնավորապես, ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելիս հիշյալ բաժնի աշխատակիցների կողմից իր նկատմամբ գործադրվել է բռնություն, այնուհետև ենթարկվել է խոշտանգման և դաժան վերաբերմունքի, որի պատճառով ձերբակալվածներին պահելու վայրի (ՁՊՎ) խցում տեղավորվելուց հետո փորձել է ինքնասպանություն գործել, որը կանխվել է ՁՊՎ-ի հերթապահի կողմից:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: