Ոսկեհատ Ղուլյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ Ոսկեհատ Ղուլյանը, ծնվել է 1973 թվականին, բնակվում է ԱՄՆ-ում։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն աշխատել է Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակում՝ որպես համատեղ ծրագրերի մենեջեր։ Դիմումատուի և նրա գործատուի միջև անորոշ ժակետով աշխատանքային պայմանագիր է կնքվել 2002 թվականի նոյեմբերի 25-ին։ Աշխատելու ընթացքում Ոսկեհատ Ղուլյանը երկու երեխա է ունեցել։ Առաջին երեխան ծնվել է 2008 թվականի մարտի 27-ին, իսկ երկրորդ երեխան՝ 2010 թվականի մայիսի 7-ին:

Աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ժամանակ Դիմումատուին երկու անգամ տրամադրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Դիմումատուն իր ֆիզարձակուրդի ժամանակ գտնվել է ԱՄՆ-ում և իր բացակայության ընթացքում ամեն վեց ամիսը մեկ իր արձակուրդը երկարացնելու համար դիմում է ուղարկել Հայաստան: Մասնավորապես՝ Դիմումատուն դիմումներ է ուղարկել 2009 թվականի մարտին և սեպտեմբերին։ Այնուհետև, դիմումներ է ուղարկել նաև 2010 թվականի ապրիլ և սեպտեմբեր ամիսներին: Դիմումատուի ուղարկած դիմումների հիման վրա նրա ֆիզարձակուրդը երկարաձգվել է՝ մինչև 2011 թվականի սեպտեմբեր ամիսը։

Դիմումատուի խոսքերով՝ նա 2011 թվականի օգստոսի 19-ին կրկին դիմել է գրասենյակ՝ իրեն հասանելիք արձակուրդը սեպտեմբերի 1-ից սկսած ևս վեց ամսով երկարացնելու պահանջով: Սակայն, 2011 թվականի սեպտեմբերի 30-ին Դիմումատուն ծանուցում է ստացել գրասենյակից, որի համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիման վրա իր և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են: Այսպիսով, 2011 թվականի դեկտեմբերի 1-ին լուծվել է Ոսկեհատ Ղուլյանի և վերջինիս գործատուի հետ 2002 թվականի նոյեմբերի 25-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Գրասենյակում դա հիմնավորել են այն հանգամանքով, որ Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակում աշխատակազմի կրճատումներ են իրականացվել։

2012 թվականին Դիմումատուն Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակի դեմ հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իրեն աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով: Մի քանի ամիսներ հետո Դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած հայցը։ Իր կայացրած վճիռը Դատարանը հիմնավորել է նրանով, որ Բրիտանական խորհրդի Հայաստանյան գրասենյակը Ոսկեհատ Ղուլյանին աշխատանքից ազատելու որոշմամբ օրենքի խախտում թույլ չի տվել։

Դիմումատուն բողոքարկել է Դատարանի կայացրած վճիռը: Դիմումատուն բողոքի մեջ նաև նշել է, որ իր գործով վճիռ կայացրած Դատավորը սերտ ընտանեկան կապեր է ունեցել Պատասխանող կողմի հետ և կողմնակալություն է դրսևորել: Այնուամենայնիվ, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով վճիռը: Գործի շրջանակներում Դիմումատուն դիմել է նաև ՀՀ Վճռաբեկ դատարան, սակայն, ապարդյուն։

2013 թվականի մայիսի 28-ին Դիմումատուն բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դիմումատուի շահերը ՄԻԵԴ-ում պաշտպանել է փաստաբան Կարեն Մեժլումյանը: Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է իր գործով դատավարության արդարացիության մասին։ Վերջինս իրեն պատճառված նյութական վնասի փոխհատուցման համար  պահանջել է 62․700 եվրո և 19․000 եվրո՝ ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման համար։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Ղուլյանի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 3․600 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ