Շեհմուս Էքինջին ընդդեմ Թուրքիայի

 Դիմումատուն՝ Շեհմուս Էքինջին, ազգությամբ թուրք է, ծնվել է 1983 թվականին և ապրում է Թուրքիայի Բաթման շրջանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու մասին որոշմանը։

Մի շարք բժշկական զեկույցների տվյալներով Դիմումատուն տառապում է հոգեկան խանգարումներով։ 2008 թվականի փետրվարին պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար նա նախքան զորակոչը բժշկական հետազոտություն է անցել և տեղեկացրել է ղեկավարությանն իր հոգեկան խնդիրների առկայության մասին։ Զինվորական հոսպիտալի հոգեբույժը ճանաչել է Դիմումատուին ծառայության համար պիտանի՝ բացառությամբ հրամանատարի պաշտոնին նշանակվելը։ Դիմումատուն բողոքարկել է զորակոչային հանձնաժողովի կայացրած այս որոշումը, սակայն ապարդյուն։ Վերջինս պայմանագրային զինվորական ծառայություն է անցել՝ մինչև զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելը։ Բարձրագույն դատական ատյանը մերժել է Դիմումատուի հայցը՝ պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին։

Դիմումատուն բողոքել է Թուրքիայի Գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիայի անկախության և անկողմնակալության բացակայության մասին և իր փոխհատուցման հայցը մերժելու արդարացիության մասին։ Դիմումատուն իր հայցի մեջ նշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) խախտում։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 1.500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 500 եվրո՝ դատական ծախսերի համար։ Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։