Ներկայումս Արծվիկ Մինասյանը ազատ դրսևորվելու և իր ոլորտը առաջ տանելու հնարավորություն ունի.Արթուր Եղիազարյան

Այն խնդիրները, առաջնահերթությունները, որ մենք ունեցել ենք նախորդ իշխանության հետ ձևակերպելիս, մենք այդ խնդիրները նոր իշխանության պարագայում ենք տեսնում և բանակցային գործընթաց ենք ունեցել նրանց հետ, հստակեցրել ենք, թե ուր ենք գնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյան:

«Պետք է գիտակցենք, որ կոալիցիաները քաղաքական գործընթացներ են, ամուսնություններ չեն: Երկրում առաջացավ նոր իրավիճակ և ավտոմատ կերպով դադարեց գործել կոալիցիան, քանի որ այն խնդիրները, որոնք ուղեգծել էին ՀՀԿ-ի հետ համատեղ»,-ասաց նա և նշեց, որ  նույնիսկ հետընթաց էր նկատվում:

 Ըստ ռազմական փորձագետի՝ երկրում ստեղծված լարված իրավիճակի ժամանակ իրենց և կոալիցիոն գործընկերոջ մոտեցումները տարբերվեցին. «Մենք քաղաքական առևտրի մեջ չենք մտել,   փոխհամաձայնության մակարդակով առաջարկ է եղել նոր իշխանությունից և  պատրաստակամ ենք աջակցել»:

Խոսելով Սերժ Սարգսյանին լավագույն թեկնածուն համարելու մասին՝ նա նշեց, որ Դաշնակցությունն ասել է՝ ամենալավ թեկնածուն իր համար իր թեկնածուն է, բայց կա կոալիցիա և հայտարարել էինք, որ կաջակցենք այն թեկնածուին, ում կառաջադրի ՀՀԿ-ն. «Մենք չենք ուրանում նախորդ իշխանությունների հետ մեր հարաբերությունները»:

Արթուր Եղիազարյանը ասաց, որ իրենք շատ կադրեր ունեն. «Ինչո՞վ էին վատ մեր թեկնածուները: Մենք շատ կադրեր ունենք, մեր սկզբունքները նույնն են: Արթուր Խաչատրյանն արդարացված մարզպետ էր, իսկ Արծվիկ Մինասյանն իր մասնագիտությանը համահունչ քաղաքական պաշտոն է զբաղեցնում հիմա»,-ասաց նա, մանրամասնելով, որ
կոալիցիան ունենի մոտեցումներ, սկզբունքներ:
Ըստ Արթուր Եղիազարյանի՝ Արծվիկ Մինասյանը իր մասնագիտությանը համահունչ պաշտոն է ստանում. «Մենք սրանով ցույց ենք տալիս, որ ժամանակին ճիշտ նշանակումներ ենք կատարել և դա փոխվեց, իսկ հիմա վերադարձավ ի շրջանս յուր: Ներկայումս Արծվիկ Մինասյանը ազատ դրսևորվելու հնարավորություն ունի, իսկ նախկինում որոշակի վերապահումներ կային»:

Բանախոսը վստահեցնում է՝ այժմ Արծվիկ Մինասյանն ավելի ազատ դրսևորվելու և իր ոլորտը առաջ տանելու հնարավորություններ ունի, որը նախկինում որոշակի վերապահումներ կային այդ հարցի շուրջ:

Արթուր Եղիազարյանը պատասխանելով հարցին, թե կիսո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախյան հակամարտության հետ կապված մոտեցումները. «Նիկոլ Փաշինյանի հետ մենք ունեցել ենք բանակցություններ և մեր մոտեցումներն Արցախյան հարցի լուծման շուրջ բավականին մոտ են»:

Ըստ նրա՝ ներկա դրությամբ իրենց տեսակետները համընկնում են, իսկ թե ինչքանով հեռտո դա կամրադրվի՝ ընթացքը ցույց կտա. «Արցախի խնդիրը մեր առաջնահերթություններից է եղել և այս հարցում մենք տարակարծություն չունենք»: