Նախագահը մասնակցել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել անցակետի տարածքում, ծանոթացել ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի խոսքով՝ Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի շահագործմամբ ամբողջանում է Հայաստանի հյուսիսի մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը. «Բավրայի անցակետը վերջին շրջանում արդեն երրորդ ժամանակակից կառույցն է, որ ներակայացվել է սահմանը հատողներին՝ Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերից հետո»:

Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 54.43 մլն եվրո:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռևս 2010 թվականին՝ «ՀՀ սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի կարգադրությամբ, որին հաջորդել է միջոցառումների ծրագրի հաստատումը:

Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նոր անցակետի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2013 թվականին: Ըստ ՊԵԿ նախագահի, նոր մաքսային կետը տեղակայվել է անմիջապես սահմանին՝ դրանով իսկ վերացնելով նախկինում մաքսային հսկողության համար բավականին խնդրահարույց երկու կիլոմետրանոց «չեզոք գոտին»: Նախագահ Սարգսյանին զեկուցվել է, որ անցակետում գործող ժամանակակից չափանիշներին համապատասխանեցված «մեկ կանգառ, մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս մեկ վայրում կենտրոնացնել սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցների գործունեությունը և ապահովել տեղեկատվության սահուն փոխանակում բոլոր պատկան ծառայությունների միջև: «Նոր կերպարով ներկայացող կառույցը գործելու է այն տրամաբանությամբ, որ սահմանը հատող քաղաքացուն, զբոսաշրջիկին կամ բիզնեսին մատուցվի բարձրորակ և արագ սպասարկում՝ առանց ավելորդ թղթաբանության: Բացի այդ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր կլինի ապահովել արդյունավետ, բայց աննկատ հսկողություն՝ բացառելով գործառույթների կրկնությունը: Արդյունքում սահմանահատումը կդառնա պարզ, արագ, քաղաքակիրթ և հաճելի գործընթաց»,-նշել է Վարդան Հարությունյանը: Պատասխանատուների հավաստմամբ՝ արդիական ենթակառուցվածքների ներդրումը դրականորեն կանդրադառնա Վրաստանի, ինչպես նաև երրորդ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության և ուղևորաշրջանառության ծավալների վրա, նոր հնարավորություններ կստեղծվեն դեպի Իրան և Իրանից դեպի եվրոպական ու ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև Վրաստան տարանցիկ փոխադրումների համար, կմեծանա Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջային հոսքը, կընդլայնվի միջպետական առևտուրը:

11 հեկտար տարածքում հիմնովին կառուցվել են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական և վարչական մասնաշենքերը, կինոլոգիական կենտրոնը: Ըստ Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանի, սահմանահատումն արագ և սահուն կազմակերպելու նպատակով գործում է նաև մուտքի և ելքի համար նախատեսված 7-ական ուղի. յուրաքանչյուր ուղղությամբ՝ 2-ը` բեռնատար, 4-ը` մարդատար ավտոմեքենաների և մեկ՝ առանձնացված ուղի` ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար: Նաև 4-ական ուղևորային անցուղի՝ հետիոտնի համար: «Մաքսակետում միջինը օրական սպասարկվում է 1500-2000 քաղաքացիւ և մոտ 50 բեռնատար: Համոզված եմ, որ արդեն արդիականացված անցակետում կտրուկ կմեծանա թողունակությունը՝ ապահովելով անհամեմատ ավելի արագ և բարձրորակ սպասարկում: Մաքսակետը զինված է ժամանակակից տեխնիկական միջոցներով, մասնավորապես ուղեբեռների և մարդկանց ռենտգեն զննման սարքավորումներով, ընդ որում, ելքի և մուտքի հատվածներում տեղադրված են հակաճառագայթային սաքավորումներ: Կառույցն ապահովված է բեռնատարների համար նախատեսված էլեկտրոնային կշեռքներով, ջերմաստիճանային տարբեր ռեժիմներով աշխատող սառնարանային պահեստներով, էլեկտրոնային բեռնաբարձիչներով, ժամանակակից հեռահաղորդակցության միջոցներով, անվտանգության տեսահսկման, հակահրդեհային ահազանգման, լոկալ ջեռուցման և օդափոխության համակարգերով»,-նշել է Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանը: Պետական եկամուտների կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը մաքսակետում ունեն նաև տվյալների մշակման ժամանակակից կենտրոն: Բավրայի անցակետն առաջին ժամանակակից կառույցն է, որն ունի ուղղաթիռային հարթակ: Բավրայի անցակետում կայացել է նաև սահմանահատման նոր էլեկտրոնային մոդելի շնորհանդեսը` համեմատության մեջ ներկայացնելով գործող և առաջարկվող ընթացակարգերը: Ըստ ՊԵԿ տեղեկատվության տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի, նախկինում երեք մաքսակետերի ծանրաբեռնվածությունն անհամաչափ էր. ավելի քան 85 տոկոսը բաժին էր ընկնում Բագրատաշենի մաքսակետին: Իսկ Գոգավանի անցակետի բացումից հետո, 2017-ի 8 ամիսների ցուցանիշներով հավասարաչափ բաշխվածությունն արդեն ակնհայտ է: «Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողերը կարող են հարմար ուղիներ ընտրել միջազգային չափանիշներով գործող մաքսակետերով տարանցումների համար»:

Պետական սահմանի անցման կետերի արդիականացումը կնպաստի նաև տեղի բնակչության կենսամակարդակի բարելավմանը՝ նկատի առնելով, որ շինարարության ընթացքում ստեղծվել են ժամանակավոր, իսկ անցակետերը շահագործման անցնելուց հետո նաև մշտական աշխատատեղեր, որոնց միջոցով կապահովվի սահմանային անցակետերի առօրյա տնտեսական գործունեությունը: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ բնակչության համար բարելավվում են կապի և հաղորդակցության հետ կապված խնդիրները ևս: Ծրագրի շրջանակում նոր կառուցված անցակետի գազաֆիկացմանը զուգընթաց գազաֆիկացվել է Շիրակի մարզի վեց համայնք:

ՊԵԿ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ կառավարության և կառավարության գործընկերների համատեղ ջանքերով սահմանային անցակետերի արդիականացման գործընթացը կլինի շարունակական, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համատեղ մեկնարկել է նաև հարավային սահմանի արդիականացման ծրագիրը, որի շրջանակում արդեն իսկ սկսվել են Մեղրիի սահմանային անցակետի նախագծա-նախահաշվային աշխատանքների իրականացումը»:

Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել են ՀՀ սահմանի կառավարման ոլորտի պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սեբաստիեն Հուսոն դե Սամպինին: Հյուրերի շարքում ներկա է եղել նաև Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Հյուսիսային անցակետերի արդիականացմամբ նոր հարթություն է տեղափոխվել արտաքին տնտեսական գործունեության սպասարկումը: «Այժմ շենքային և ընթացակարգային բարենպաստ բազան թույլ է տալիս Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած բարեփոխումներն ավելի արագ կյանքի կոչել, ինչու չէ, նաև առավել համարձակ ծրագրեր նախագծել, որոնց իրականացմամբ, միանշանակ, նոր որակ կհաղորդվի մաքսային ծառայությանը»,-ընդգծել է կոմիտեի ղեկավարը: Մասնավորապես ներդրվել է մաքսային ձևակերպումների իրականացման վայրի տեղորոշման նոր մեխանիզմ, ինչը թույլ է տալիս հայտարարագիրը գրանցել, օրինակ, Արարատյան մաքսատուն-վարչությունում, սակայն հսկողական բոլոր գործողություններն իրականացնել Բավրայի մաքսային կետում: Նոր մոտեցում է կիրառվում նաև ֆիզիկական անձանց ծառայությունների մատուցման գործում. անձնական օգտագործման ապրանքները հայտարարագրելու համար այլևս մաքսային բրոքերի վճարովի ծառայությունների անհրաժեշտություն չկա, քանի որ մաքսային մարմնի կողմից ձևակերպումներն իրականացվում են առանց լրացուցիչ վճարի: Բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումների շրջանակում ընդլայնվել է մաքսային արժեքի որոշման ժամանակ գործարքի գնի մեթոդի կիրառությունը, որի տեսակարար կշիռը հասել է 68%-ի: Դեկտեմբերի 1-ից գործում է մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգը՝ ապահովելով հայտարարատուի ժամանակի խնայողություն, մաքսային մարմնի պաշտոնատար անձանց և հայտարարատուների միջև շփման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցում: Բարելավվել են մաքսային հսկողության ընթացակարգերը և այլն: Իսկ հսկողությունը սահմանին նվազագույնի հասցնելու նպատակով առաջիկայում կներդրվի «Կապույտ ուղի» ընթացակարգը: Նախնական տեղեկատվության տրամադրման համակարգի գործարկմամբ էլ առավել դյուրին կդառնա սահմանահատումը: