Միջազգային դատարանն ավարտել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը

Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Դատավորները հեռացել են դատական նիստերի դահլիճից՝ Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործը քննարկելու և մինչև դատավարության ավարտը ժամանակավոր միջոցներ ձեռնարկելու մասին որոշում կայացնելու համար։Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցըվերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։  Գործի շրջանակներում Իրանի իշխանությունները նաև հայց են ներկայացրել Միջազգային դատարան՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված ապօրինի գործողությունների հետևանքով Իրանին պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին։

Դատական լսումները շարունակվել են 4 օր՝ օգոստոսի 27-ից մինչև օգոստոսի 30-ը։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է նախագահի՝ միջազգային իրավունքի գծով խորհրդական Մոհսեն Մոհեբին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ Պետական դեպարտամենտի իրավախորհրդատու Ջենիֆեր Նյուստեդը։ Միջազգային դատարանի մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Իրանը պահանջել է ԱՄՆ իշխանություններից դադարեցնել միակողմանի պատժամիջոցների կիրառումը և մինչև գործի քննության ավարտը ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խախտել պայմանագրի դրույթները կամ վնասել Իրանի շահերին: Իրանը պնդում է, որ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումն օրինական հիմքեր չունի։

ԱՄՆ ներկայացուցիչը դատական լսումներին իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Արդարադատության միջազգային դատարանն իրավասու չէ միջամտել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ում կարծում են, որ Միջազգային դատարանը պետք է մերժի Իրանի հայցը։ ԱՄՆ-ն իր հերթին վստահ է, որ նման գործով վեճի քննությունը դուրս է Միջազգային դատարանի իրավասության շրջանակներից։

ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ պատրաստվում է բողոքարկել Իրանի ներկայացրած հայցը, քանի որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումն ուղղված է ազգային անվտանգության և շահերի պաշտպանությանը։ Բացի այդ, ԱՄՆ-ի փաստաբանները  պնդում են, որ պատժամիջոցներ կիրառելու հետևանքով Իրանին վնաս պատճառելու փաստերը հիմնավորող ապացույցներ չեն ներկայացվել դատական լսումներին։

Նշենք, որ դատավորները որոշում կկայացնեն ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննության վերաբերյալ մեկ ամսվա ընթացքում։