ՄԻԵԴ վճիռ. Պետիմատ Իսմաիլովան և մյուսները ընդդեմ Ռուսաստանի

europea_court_of_human_rights_big

ECHR 262 (2014)
18.09.2014

Պետիմատ Իսմաիլովան և մյուսները ընդդեմ Ռուսաստանի (գանգատներ թիվ 25088/11, 44277/11, 44284/11, 44313/11, 48134/11, 49486/11, 52076/11, 52182/11, 55055/11, 56574/11, 64266/11 և 66831/11)

Դիմումատուները 43 Ռուսաստանի քաղաքացիներ են, ովքեր ծնվել են 1921թ.-ից մինչև 2003թ. ընկած ժամանակահատվածում և բնակվում են Չեչնիայի Հանրապետությունում: Նրանք մտերիմ ազգակցական կապի մեջ են այն անձանց հետ, ովքեր իրենց տներում պետական ծառայողների կողմից  ձերբակալվելուց հետո անհետացել են  2001-ից 2006թթ.:

Բոլոր գործերում ենթադրյալ առևանգումները տեղի են ունեցել այն շրջաններում, որոնք գտնվում են Ռուսաստանի հսկողության տակ: Գործողությունները իրականացվել են պարետային ժամերին՝ գիշերը կամ վաղ առավոտյան: Դիմումատուները բողոքել են իրավապահ մարմիններին, և սկսվել է պաշտոնական հետաքննություն: Գործընթացը բազմիցս ձգձգվել և կասեցվել է, և գործը մի քանի տարի մնացել է առկախ՝ առաց շոշափելի արդյունքների: Ռուսաստանի կառավարությունը պնդել է, որ գործով չկան ապացույցներ, որոնք կփաստեն պետական մարմինների ներգրավվածությունը առևանգումներին:

Դիմումատուները բողոքել են, որ իրենց հարազատները անհետացել են պետական ծառայողների կողմից ձերբակալվելուց հետո, իսկ պաշտոնատար անձինք չեն անցկացրել արդյունավետ հետաքննություն (ՄԻԵԿ 2-րդ հոդված՝ կյանքի իրավունք): նրանք պնդում են նաև, որ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը (անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի արգելք), քանի որ նրանք հոգեկան ծանր ապրումներ են ունեցել իրենց հարազատների անհետացման պատճառով, խախտվել է նաև 5-րդ հոդվածը (ազատության և անվտանգության իրավունք), քանի որ նրանց հարազատների ձերբակալումն իրականացվել է անօրինական ճանապարհով: Հիմնվելով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա (իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք)՝ համակցությամբ 2-րդ և 3-րդ հոդվածների, նրանք պնդում են, որ ներպետական մակարդակում նրանց հասանելի չեն եղել իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է 2-րդ հոդվածի խախտում (կյանքի իրավունք՝ 17 հարազատների համար),  2-րդ հոդվածի խախտում (հետաքննության մասով), 5-րդ հոդվածի խախտում, 13-րդ հոդվածի խախտում (2-րդ և 3-րդ հոդվածների հետ համակցությամբ):

Սահմանվել է արդարացի փոխհատուցում թիվ 44277/11, 44284/11, 44313/11, 52076/11, 52182/11,55055/11, 56574/11 և 66831/11 գանգատների դիմումատուների համար 500-ից մինչև 22,000 եվրո՝ որպես նյութական վնասի փոխհատուցում, բոլոր 12 գանգատների համար սահմանվել է 60,000-ից մինչև 120,000 եվրո յուրաքանչյուրին ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, և բոլոր դիմումատուներին 1,000- 3,000 եվրո յուրաքանչյուրին՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում:

Գործին վերաբերող մանրամասներին անգլերեն լեզվով կարող եք ծանոթանալ  այստեղ: