ՄԻԵԴ վճիռը Իրավաբանական ռեսուրսների կենտրոնն ընդդեմ Ռումինիայի գործով

europea_court_of_human_rights_bigECHR 222 (2014)
17.07.2014

Հուլիսի 17-ին ՄԻԵԴ Մեծ պալատը միաձայն վճիռ է կայացրել «Իրավաբանական ռեսուրսների կենտրոնն (ԻՌԿ) ընդդեմ Ռումինիայի» գործով (գանգատ թիվ 47848/08). այս որոշումը վերջնական է [1]: Դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիիայի 2-րդ հոդվածի խախտում (կյանքի իրավունք), խախտումը տեղի է ունեցել և′ նյութական, և′ ընթացակարգային իմաստներով: Ինչպես նաև առկա է 13-րդ հոդվածի խախտում (իրավունքի պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք)` 2-րդ հոդվածի հետ համակցությամբ:

Գործը վերաբերում է ծագումով Ռումինիայի քաղաքացի Valentin Câmpeanu-ին, ով ունեցել է ՄԻԱՎ դրական ախտորոշում և տառապել է հոգեկան խանգարմամբ: Նա մահացել է հոգեբուժական կլինիկայում: Դիմումը ներկայացվել է հասարակական կազմակերպության կողմից (ՀԿ)՝ իր անունից: 

Դատարանը վճռեց, որ հաշվի առնելով գործի բացառիկ հանգամանքները և պնդումների լրջությունը` Դատարանը կարող է ընդունել ՀԿ-ին՝ որպես պրն Câmpeanu-ի ներկայացուցիչ, չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը ինքնուրույն չի հանդիսանում Կոնվենցիայի դրույթների խախտման զոհ:

Բողոքը ներկայացվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի մասով, մասնավորապես Դատարանը եզրակացրել է, որ պրն Câmpeanu-ն տեղավորվել է բժշկական այնպիսի հաստատությունում, որն իվիճակի չի եղել ապահովել անհրաժեշտ խնամք տվյալ հիվանդի վիճակին համապատասխան: Հիվանդը առանց պատշաճ ախտորոշման տեղափոխվել է մի ստորաբաժանումից մյուսը, և պատասխանատու անձինք չեն կարողացել ապահովել համապատասխան բուժումը  հակառետրովիրուսային դեղորայքով:

Պատասխանատու անձինք տեղեկացված են եղել անձնակազմի բացակայության պատճառով հիվանդանոցում ստեղծված ծանր դրության մասին, այդ թվում՝ սննդի պակասի և ջեռուցման բացակայության մասին այն հոգեբուժարանում, որտեղ տեղավորվել էր պրն Câmpeanu-ն. այսպիսով հիվանդի կյանքը ենթարկվել է չպատճառաբանված վտագի: Ավելին, չի ապահովվել արդյունավետ քննությունը երիտասարդի մահվան գործի կապակցությամբ:

Որոշելով, որ Կոնվենցիայի խախտումը պրն Câmpeanu-ի գործով վերաբերում է ավելի լայն խնդրի, Դատարանը խորհուրդ է տալիս Ռումինիային ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի հոգեկան խանգարումներ ունեցող անձինք համանման հանգամանքներում հայտնվելու դեպքում որևէ անկախ մարմնի բողոք ներկայացնելու հնարավորություն ունենան, որը կքննի նրանց առողջության և բուժման հետ կապված գանգատները:

Սկզբունքային փաստերը

Դիմումը ներկայացվել է Իրավաբանական ռեսուրսների կենտրոնի  (ԻՌԿ) կողմից, որը հասարակական կազմակերպություն է և հանդես է գալիս Valentin Câmpeanu-ի անունից, որը ծնվել է 1985 թվականին և մահացել է 2004 թվականին` 18 տարեկան հասակում: Նա ծննդյան պահից լքված է եղել, տեղավորվել է որբանոցում, ունեցել է ՄԻԱՎ դրական ախտորոշում և տառապել է հոգեկան գործունեության խանգարմամբ:

2003 թվականին 18 տարեկան հասակում պրն Câmpeanu-ն ստիպված է եղել լքել հաշմանդամ երեխաների համար նախատեսված կենտրոնը, որտեղ մնացել էր մինչ այդ: Երեխաների պաշտպանության հանձնաժողովը  լսումների ժամանակ, որին չի մասնակցել պրն Câmpeanu-ն, որոշել է, որ սոցիալական աշխատողը պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, որպեսզի պրն Câmpeanu-ն տեղափոխվի Պոիանա Մարե նյարդահոգեբուժական հիվանդանոց (ՊՄՆՀ): Նրա առողջական վիճակի վերաբերյալ տրվել են երկու տարբեր եզրակացություններ, որոնք վերաբերել են նրա մտավոր հաշմանդամության աստիճանին: 2003 թ. հոկտեմբերին ՊՄՆՀ-ն տեղեկացրել է հանձնաժողովին, որ չի կարող ընդունել պրն Câmpeanu-ին, քանի որ ախտորոշվել է, որ նա ունի ՄԻԱՎ դրական  և հոգեկան գործունեության խանգարում, և որ հիվանդանոցը չունի համապատասխան անձնակազմ և դեղամիջոցներ, որը կապահովեր նրա բուժումը:

2004 թվականի փետրվարին պրն Câmpeanu-ն ընդունվել է բժշկական և սոցիալական օգնության կենտրոն, որը  գտել է նրան հոգեկան և ֆիզիկական դեգրադացիոն վիճակի բարձր մակարդակով, թերսնուցմամբ տառապող վիճակում և առանց որևիցե հակառետրովիրուսային դեղորայքի: Հետևելով նրա պահվածքի փոփոխություններին (նա գտնվել է հուզական վիճակում և ագրեսիվություն է դրսևորել) պրն Câmpeanu-ն 2004 թվականի փետրվարի 9-ին տեղափոխվել է ՊՄՆՀ, որը ամենամոտ նյարդահոգեբուժական հաստատությունն էր, որ կարող էր զբաղվել նրա առողջական վիճակի ստուգմամբ և բուժմամբ, սակայն նույն օրը նրան ետ են վերադարձրել բժշկական և սոցիալական օգնության կենտրոն: Փետրվարի 13-ին նա կրկին բուժման համար տեղափոխվել է ՊՄՆՀ: Մի շաբաթ այնտեղ մնալուց հետո նրան նկատել են ստուգում իրականացնող ԻՌԿ ՀԿ-ի  անձնակազմի անդամները, ովքեր հայտնել են, որ նա միայնակ է եղել չջեռուցվող սենյակում, որտեղ եղել է մահճակալ, սակայն չեն եղել անկողնային պարագաներ, նրա հագին եղել է միայն պիժամայի վերևի մասը և չի եղել օգնական, որը կօգներ նրան հոգալ կարիքները կամ սնունդ ընդունել: Նույն օրվա երեկոյան 2004 թվականի փետրվարի 20-ին պրն Câmpeanu-ն մահացել է:

ԻՌԿ-ն ներկայացրել է քրեական բողոք 2004 թվականի փետրվարի 23-ին անփութության մեղադրանքով, որը հանգեցրել է մահվան: Մասնավորապես նշվում էր, որ պրն Câmpeanu-ն չի տեղավորվել այնպիսի բժշկական հաստատությունում, որը կհամապատասխաներ նրա առողջական վիճակին: Բուժհաստատության պատասխանատուները նրա մտավոր առողջական վիճակը որակել են որպես միջին ծանրության, չնայած դա հակասել է նախորդ ախտորոշումներին, պատասխանատու անձիք նրան չեն ապահովել  հակառետրովիրուսային դեղորայքով, երբ նա տեղափոխվել է բժշկական և սոցիալական օգնության կենտրոն: Հիվանդի տեղափոխումը բժշկական և սոցիալական կենտրոնից ՊՄՆՀ եղել է ոչ անհրաժեշտ և այդ տեղափոխությունն իրականացվել է առանց հիվանդի համաձայնության:

Քրեական գործը բացվել է 2004 թ. օգոստոսին: Դատաբժշկական փորձագետներին է տրամադրվել Câmpeanu-ի դիակը, կատարվել է արտաշիրմում և դիահերձում: 2005 թվականի հուլիսին դատախազությունը որոշել է չհարուցել քրեական գործ՝ գտնելով, որ անհրաժեշտ դեղորայքը տրամադրվել է հիվանդին, և նրա մահը չի եղել բռնի, այլ հանդիսացել է նրա ՄԻԱՎ վարակի հետևանք: Որոշումը վիճարկվել է, և գործը վերաբացվել է, ապա կրկին երկու անգամ փակվել է: Դատարանի երկրորդ որոշման մեջ նշվել են թերացումները, ըստ որի գործը պետք է վերաբացվեր: Մասնավորապես պրն Câmpeanu-ի առողջական վիճակը գնահատող փաստաթղթերը, որոնք վերաբերում են մինչև բժշկական և սոցիալական կենտրոնից տեղափոխման ժամանակահատվածին, չեն ընդգրկվել հետաքննության տվյալներում, նրա ընդունելության հարցերում ընդգրկված անձանց տված հակասական ցուցմունքները, հանգամանքները, որոնք ստիպել են դադարեցնել նրա բուժումը հակառետրովիրուսային դեղորայքով, պարզ չեն: Երկրորդ դատական որոշումը կայացվել է քաղաքային դատարանի կողմից 2008 թ. ապրիլին, որոշման համաձայն չկա պատճառահետևանքային կապ պրն Câmpeanu-ի մահվան և բուժման միջև, դատարանի որոշման հիմքում դրվել են դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և դիահերձման տվյալները:

ԻՌԿ-ի հարցումներին պատասխանելով` բազմաթիվ մարմիններ, պրն Câmpeanu-ի մահվան հետ կապված, ուսումնասիրել են գործի հանգամանքները: Մասնավորապես, ստեղծված քաղաքային հանձնաժողովը և Երեխաների որդեգրման և պաշտպանության ազգային վարչությունը, որոնք հստակ առաջադրանք են ունեցել հետազոտել պրն Câmpeanu-ի մահվան հանգամանքները, հանգել են այն եզրակացության, որ անհրաժեշտ միջոցառումները մեծ մասամբ իրականացվել են, և պրն Câmpeanu-ի իրավունքները չեն խախտվել: Բժշկական ասոցիացիայի կարգապահական խորհուրդը եզրակացրել է, որ ՊՄՆՀ-ի անձնակազմի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու հիմքեր չկան:

ԻՌԿ-ն ներկայացրել է Առողջության և մարդու իրավունքների կազմակերպությունների միջազգային ֆեդերացիայի փորձագետի եզրակացությունը, որտեղ մասնավորապես նշվում է, որ պրն Câmpeanu-ն երբեք չի հետազոտվել վարակաբանի կողմից, և հնարավոր է, որ նա տառապել է ՄԻԱՎ-ով, որն ուղեկցվել է թոքաբորբով: Զեկույցում արվում է եզրակացություն, որ մահը հանդիսացել է բուժանձնակազմի անփութության պատճառ:

Ռումինական դատարանները մերժել են  ԻՌԿ-ի կողմից այլ գործերով ներկայացված բողոքները, որոնք ներկայացվել են այլ հիվանդի անունից, որը ևս մահացել ՊՄՆՀ-ում: Դատարանները պատճառաբանել են, որ ԻՌԿ-ն նման բողոք ներկայացնելու իրավունք չունի:

Ըստ Խոշտանգումների արգելքի կոմիտեի կողմից 2004 թ. ներկայացված զեկույցի, երկու ձմեռների (2003, 2004 թվականների) ընթացքում 109 հիվանդ ՊՄՆՀ-ում մահացել է կասկածելի հանգամանքներում, գլխավոր պատճառները եղել են սրտի կանգը, սրտամկանի ինֆարկտը, թոքաբորբը: Մահացածների միջին տարիքը եղել է 56-ը, մեծ թիվ են կազմում 40-ից ցածր տարիքում մահացածները: Խոշտանգումների արգելքի կոմիտեն գտնում է, որ հիվանդների մի մասին ցույց չի տրվել անհրաժեշտ բուժօգնություն: Նշվել է նաև հիվանդանոցում բուժանձնակազմի և նյութական ռեսուրսների պակասի, ինչպես նաև սննդի որակի և պակասի, ջեռուցման բացակայության մասին: 2004 թվականի մարտին ՄԱԿ-ի  հատուկ զեկուցողի նամակին, որը վերաբերում է առողջության իրավունքին, և որտեղ մտահոգություն է հայտնվել ՊՄՆՀ պայմանների վերաբերյալ, Ռումինիայի կառավարությունը պատասխանել է, որ պաշտոնատար անձինք ևս մտահոգված են հիվանդանոցում տիրող իրավիճակով և կձեռնարկեն անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի բարելավվեն հիվանդանոցային պայմանները, և նման իրավիճակները այլևս կվերան բուժական հաստատություններից:

Բողոքը, Ընթացակարգը, Դատարանիկազմը

ԻՌԿ-ն բողոքում է, որ  խախտվել է պրն Câmpeanu-ի` Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ 5-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով սահմանված իրավունքները:

Գանգատը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական Դատարան 2008 թ. հոկտեմբերի 2-ին: 2013 թ. մարտին Պալատը փոխանցել է գործի քննությունը Մեծ պալատին[2]: «Human rights watch», «Բուլղարիայի Հելսինկյան կոմիտե», «Հոգեկան Հաշմանդամության պաշտպանության կենտրոն», «Հանրային նախաձեռնությունների Եվրատարածաշրջանային կենտրոն» կազմակերպությունները մասնակցել են վարույթին որպես երրորդ կողմ: Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատաը օգտվել է իր իրավունքից և մասնակցել է վարույթին որպես երրորդ կողմ, նա ներկայացրել է գրավոր մեկնաբանություններ:

Մեծ պալատի նիստը նշանակվել է 2013 թվականի սեպտեմբերի 4-ին:

ՄԻԵԴ Մեծ պալատը, հետևյալ կազմով`

Dean Spielmann (Լյուքսեմբուրգ), նախագահ

Guido Raimondi (Իտալիա),

Ineta Ziemele (Լատվիա),

Isabelle Berro-Lefèvre (Մոնակո),

Alvina Gyulumyan (Հայաստան),

David Thór Björgvinsson  (Իսլանդիա),

Ján Šikuta (Սլովակիա),

Päivi Hirvelä (Ֆինլանդիա),

Luis López Guerra (Իսպանիա),

Ledi Bianku (Ալբանիա),

Nona Tsotsoria (Վրաստան),

Kristina Pardalos (Սան Մարինո),

Vincent A. de Gaetano (Մալթա),

Angelika Nußberger (Գերմանիա),

Paulo Pinto de Albuquerque (Պորտուգալիա),

Paul Mahoney (Միացյալ Թագավորություն),

Johannes Silvis (Նիդերլանդներ), դատավորներ

և Michael O’Boyle, ռեեստրավարի տեղակալ,

2014 թ. հուլիսի 17-ին կայացրել է հետևյալ վճիռը:

Դատարանի վճիռը

Անդրադառնալով դիմումի անընդունելիության հարցին՝ Դատարանը մերժում է Ռումինիայի կառավարության պնդումը, որ ԻՌԿ-ն դիմում ներկայացնելու համար պատշաճ սուբյեկտ չէ և չի կարող դիմում ներկայացնել Valentin Câmpeanu-ի անունից, քանի որ ինքը չի հանդիսանում Կոնվենցիայի խախտման զոհ և Valentin Câmpeanu-ի օրինական ներկայացուցիչ: Դատարանը նշել է, որ քաջատեղյակ է, որ Valentin Câmpeanu-ն եղել է անմիջական զոհ, և չկան հիմնավոր փաստեր` ԻՌԿ-ն համարելու ոչ անմիջական զոհ: Ինչևէ, Դատարանը, հաշվի առնելով բացառիկ հանգամանքները և բերված մեղադրանքների լրջությունը, արձանագրեց, որ Դատարանը կարող է ընդունել  ԻՌԿ-ին որպես Valentin Câmpeanu-ի ներկայացուցիչ:

Համապատասխան եզրակացության հանգելու համար Դատարանը հաշվի է առել, որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու իրավունքները, որոնք արդյունավետ են և ունեն գործնական նշանակություն, այլ ոչ թե տեսական կամ մտացածին արժեքներ:

Ավելին, շատ կարևոր է այն հանգամանքը, որ ԻՌԿ-ի իրավունքը` ներկայացնելու Valentin Câmpeanu-ին, ռումինական բժշկական և դատական մարմինների կողմից նախկինում որևէ կերպ չի վիճարկվել այն ժամանակ, երբ ԻՌԿ-ն տարբեր հիմքերով դատաքննության էր դիմում, որպեսզի պարզվի պրն Câmpeanu-ի մահվան պատճառը: Նման նախաձեռնությունները հատկանշական են պաշտպանի կամ ներկայացուցչի իրավասությանը: Ինչևէ, պրն Câmpeanu-ն չունի որևէ հարազատ, որոնց մասին հայտնի է, ինչպես նաև նրա համար պատկան մարմինները չեն նշանակել պաշտպան՝ չնայած օրենքով սահմանված կարգով պարտավոր էին դա անել: Դատարանը հաշվի է առել պրն Câmpeanu-ի ծայրահեղ խոցելի վիճակը, այն մասով, որ նա ի վիճակի չէր հոգ տանել ինքն իր նկատմամբ և վիճակի չէր սկսել որևէ գործընթաց, որպեսզի բողոքարկեր ստեղծված իրավիճակը կենդանության օրոք կամ ստանար իրավաբանական խորհրդատվություն: Այդ պատճառով նա գտնվում է ամբողջովին այլ՝ ոչ բարենպաստ, կարգավիճակում, քան ցանկացած անձ, ով մինչև այժմ գանգատ է ներկայացրել Դատարան:

Հոդված 2

Դատարանը կրկին նշում է, որ, երբ լրացել էր պրն Câmpeanu-ի 18 տարին, նրա համար պետք է նշանակվեր պաշտպան: Կանխավարկածը այնպիսին է, որ նա ունեցել է լիարժեք գործունակություն՝ չնայած նրա մտավոր գործունեության խանգարմանը: Դատարանը նշում է, որ այն վարվելակերպը, որը ցուցաբերել են նրա նկատմամբ, հակասում է ազգային օրենսդրությանը (Հոգեկան առողջության մասին օրենք), ըստ օրենքի նրանք պարտավոր էին ստանալ հիվանդի համաձայնությունը վերջինիս մի բուժհաստատությունից մյուսը տեղափոխելու համար, ինչպես նաև նրան ՊՄՆՀ ընդունելու համար: Այդուհանդերձ պրն Câmpeanu-ն ոչ տեղեկացվել է, ոչ էլ նրա հետ խորհրդակցել են:

Ավելին, հիմնվելով ռումինական պաշտոնատար անձանց որոշումների վրա, ակնհայտ է, որ պրն Câmpeanu-ն տեղափոխվել բժշկական և սոցիալական օգնության կենտրոն և ՊՄՆՀ` ուղղակի այնտեղ տեղավորելու նպատակով, և չի ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն:

Դատարանը նշեց, որ բժշկական և սոցիալական օգնության կենտրոնը համալրված չի եղել այնպես, որ հնարավորություն լիներ ապահովել հոգեկան խանգարում ունեցող հիվանդների հոգածությունը, պրն  Câmpeanu-ն ընդունվել է ՊՄՆՀ՝ չնայած այն հանգամանքին, որ հիվանդանոցը նախկինում մերժել էր ընդունել նրան այն հիմքով, որ այն չի ունեցել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի բուժեր ՄԻԱՎ-ը: Նրա փոխադրումները մի ստորաբաժանումից մյուսը իրականացվել են առանց պատշաճ ախտորոշման և առանց հաշվի առնելու նրա առողջական վիճակը: Մասնավորապես, ուշադրության է արժանի պատասխանատու անձանց սխալը` կապված հակառետրովիրուսային  դեղամիջոցների հետ: Նա գլխավորապես բուժվել է ցավը մեղմացնող դեղորայքով և անիմաստ ստուգումներ են անցկացվել, որպեսզի հաստատվեն նրա հոգեկան վիճակի, մասնավորապես նրա անակնկալ ագրեսիվ վարքագծի պատճառները:

Դատարանն այսպիսի եզրակացությունների է հանգել` հիմք ընդունելով ԻՌԿ պնդումները, որոնք հաստատվում են բժշկական փաստաթղթերով, Առողջության և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փորձագետի կարծիքը, Հանրային նախաձեռնությունների եվրատարածաշրջանային կենտրոնի (որը գործով հանդես եկող երրորդ կողմերից մեկն է) ներկայացրած տեղեկատվությունը, որը վերաբերում է Ռումինիայում ՄԻԱՎ վարակ ունեցող երեխաների համար հակառետրովիրուսային  դեղամիջոցների պակասությանը. Դատարանի կարծիքով այս ամենը ԻՌԿ պնդումները դարձնում են համոզիչ: Այս պնդումները հաստատվում են նաև Ռումինիայի դատարանների երկու որոշումներով, որոնցով դատախազությանը հանձնարարվում էր վերաբացել քրեական գործը, որում առկա էին բազմաթիվ կոպիտ խախտումներ և կայացված որոշումները հիմնված էին բացառապես բժշկական եզրակացությունների վրա:

Դատարանն ընդգծում է, որ պրն Câmpeanu-ն իր կյանքի ողջ ընթացքում եղել է պատասխանատվություն ստանձնած անձանց խնամքի տակ, որոնք պարտականություն են ունեցել ապահովել հիվանդի պատշաճ բուժումը և տալ հիմնավորված բացատրություններ: Ավելին, ՊՄՆՀ-ում նրա եղած ժամանակ նրանք տեղեկացվել են հիվանդանոցային դժվարին վիճակի մասին, որը հետագայում մեկնաբանվել է Խոշտանգումների արգելքի կոմիտեի զեկույցում, ՄԱԿ-ի Առողջության իրավունքի մասին հատուկ զեկուցողի պատասխան նամակում: Պատասխանատու անձինք պրն Câmpeanu-ին այդ հանգամանքներում տեղավորել  են ՊՄՆՀ՝ չնայած նրա ծայրահեղ խոցելի վիճակին, այդպիսով պատասխանատու անձինք նրա կյանքը վտանգի են ենթարկել: Սխալը, որի արդյունքում նրան չի տրամադրվել պատշաճ օգնություն և բուժում, դարձել է ևս մեկ հանգամանք, որը նպաստել է նրա անժամանակ մահվանը:

Այս դիտարկումները նշանակալից են Դատարանի համար, և հնարավորություն են տալիս արձանագրել 2-րդ հոդվածի խախտում, որը դրսևորվել է պրն Câmpeanu-ի կյանքի պաշպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելով:

Դրանից բացի, Դատարանը գտնում է որ խախտվել է 2-րդ հոդվածը ընթացակարգային իմաստով, քանի որ պատասխանատու անինք չեն բացահայտել պրն Câmpeanu-ի մահվան հանգամանքները և այն անձանց, ովքեր մեղավոր են այդ հարցում: Մասնավորապես, ռումինական օրենսդրության խախտմամբ, մահվանից անմիջապես հետո դիահերձում չի անցկացվել, ավելին, գործը վերաբացելու մասին երկրորդ որոշման մեջ ռումինական դատարանները ընդգծել են մի շարք էական ընթացակարգային խախտումներ` ներառյալ անհրաժեշտ բժշկական վկայությունների հավաքագրումը և բուժանձնակազմի տված հակասական ցուցմունքների մասով բացահայտման աշխատանքների իրականացումը: Ինչևէ, այդ որոշումը չի կենսագործվել, և այդ բացթողումները չեն վերականգնվել: Իր հակիրճ պատճառաբանությամբ, որով բեկանվում էր ստորադաս դատարանների վճիռը, քաղաքային դատարանը հիմնականում հիմնվել է բժշկական ասոցիացիայի որոշումների վրա, ըստ որի ՊՄՆՀ  բուժանձնակազմի նկատմամբ կարգապահական վարույթ չպետք է սկսվի, ինչը բացառում է բժշկական ցանկացած անփութության առկայությունը: Դատարանը գտնում է, որ այս եզրակացությունները սահմանափակ արտահայտիչ են և չափազանց քիչ տեղեկություններ են պարունակում հիվանդի` ՊՄՆՀ-ում գտնվելու ժամանակահատվածում առողջական վիճակի մասին:

Հոդված 13 (հոդված 2-ի հետ համակցված)

Դատարանը արձանագրում է նաև 13-րդ հոդվածի (2-րդ հոդվածի հետ համակցությամբ) խախտում՝ հաշվի առնելով այն, որ պետությունը չի տրամադրել հոգեկան գործունեության շեղում ունեցող հիվանդներին անհրաշեշտ ընթացակարգ, որը կօգտագործվեր բողոքներ ներկայացնելու համար: Խախտումն արձանագրելիս Դատարանը հաշվի է առել պրն Câmpeanu-ի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ արդյունավետ հետաքննություն անցկացնելու պատասխանատու անձանց ձախողումը, և այն, որ Ռումինիայի կառավարությունը չի նախատեսել այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն կտար պարզել իրավասություններին վերաբերող հարցերը անկախ, հրապարակային, արդյունավետ միջոցներով:

Այլ հոդվածներ

Հաշվի առնելով այն հանգամանքները, որոնք Դատարանն արդեն հաստատված է համարել 2-րդ և 13-րդ  հոդվածների մասերով՝ Դատարանն այլևս անհրաժեշտություն չի գտել առանձին կարգով քննության առնել 3-րդ հոդվածին և վերջինիս և 13-րդ հոդվածներին վերաբերող հարցերը: Ավելին, Դատարանը միաձայն որոշել է, որ անհրաժեշտ չէ քննել բողոքները` կապված 5-րդ, 8-րդ հոդվածների հետ, իսկ ձայների մեծամասնությամբ որոշել է նաև, որ անհրաժեշտություն չկա քննել 14-րդ հոդվածի հետ կապված բողոքը:

Դատական ծախսերը

ԻՌԿ-ն չի պահանջել որևէ նյութական կամ բարոյական վնասի հատուցում: Հաշվի առնելով կրած ծախսերը՝ Դատարանը վճռել է, որ Ռումինիան պետք է վճարի 10.000 եվրո ԻՌԿ-ին և 25.000 եվրո` այն կազմակերպությանը, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցել ԻՌԿ-ին մինչև Դատարանի կողմից գործի քննությունը:

Հոդված 46 (Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը)

Դատարանն, ուսումնասիրելով փաստերն ու հանգամանքները և հաշվի առնելով այն, որ արձանագրվել է 2-րդ և 13-րդ հոդվածների խախտում, գտնում է, որ առկա է ավելի մեծ խնդիր, որը պահանջում է լուրջ միջոցառումների ձեռնարկում: Դատարանը խորհուդ է տալիս Ռումինիային Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հսկողության ներքո իրականացնել միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան հոգեկան գործունեության խախտումներ ունեցող անձանց համանման հանգամանքներում ունենալ անկախ ներկայացուցչություն, որը կներառի նաև, մինչև դատական գործընթացը, բողոքների ներկայացումը այլ անկախ մարմինների քննությանը:

Տարբերվող կարծիք

Դատավոր Pinto de Albuquerque-ն արտահայտել է չհամընկնող կարծիք, իսկ դատավորներ Spielmann-ը, Bianku-ն և Nußberger-ը արտահայտել են մասնակիորեն համընկնող կարծիքներ: Դատավորներ Ziemele-ն և Bianku-ն նույնպես արտահայտել են մասնակիորեն համընկնող կարծիքներ, այս կարծիքները կցվում են որոշմանը:

[1] Մեծ պալատի որոշումները վերջնական են (Կոնվենցիայի 44-րդ հոդված)

Բոլոր վերջնական որոշումները ուղարկվում են Նախարարների կոմիտեին՝ որոշման իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով:

[2] Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 30-րդ հոդվածի համաձայն, Պալատը ցանկացած ժամանակ, երբ գործով բարձրացվում է այնպիսի հարց, որը ենթադրում է Կոնվենցիայի կամ արձանագրությունների դրույթների մեկնաբանություն կամ, երբ որոշման կայացումը կարող է նահանջ հանդիսանալ նախկինում կայացված որոշումներից, կարող է կողմերի համաձայնությամբ գործի լուծումը փոխանցել Մեծ պալատին: