«Միացյալ Թագավորություն եւ Հայաստան- խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառում Ազգային ժողովում

Սեպտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Միացյալ Թագավորություն եւ Հայաստան- խորհրդարանական ժողովրդավարության գործընկերներ» խորագրով միջոցառումը, որի ընթացքում բանախոսել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ողջունելով Ալան Դանքնին խորհրդարանում, նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, եւ այդ ընթացքում նշանակալի ձեռքբերումներ են արձանագրվել բազմաթիվ ոլորտներում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտությամբ է նշել հայաստանյան բազմաթիվ ծրագրերում Միացյալ Թագավորության կառավարության ներգրավվածությանը եւ բարձր գնահատել այդ երկրի աջակցությունը Հայաստանում ընթացող տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումներին:

Ալան Դանքնը կարեւորել է հանդիպման անցկացումը ՀՀ Ազգային ժողովում՝ նշելով, որ այս շենքը խորհրդանշում է Հայաստանի անցումը միակուսակցական պետությունից բազմակուսակցական պետության: Նա համոզմունք է հայտնել, որ Միացյալ Թագավորության եւ Հայաստանի խորհրդարանները կգտնեն համագործակցության ընդհանուր եզրեր: Նախարարը կարեւորել է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու Հայաստանի որոշումը՝ համարելով այն նշանակալի քայլ ժողովրդավարական գործընթացում:

Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ Ալան Դանքնը հանգամանալից ներկայացրել է Միացյալ Թագավորության խորհրդարանական կառավարման պատմությունը եւ այդ ճանապարհին հանդիպած խոչընդոտներն հաղթահարելու փորձառությունը: Նախարարն անդրադարձել է ՄԹ Ներկայացուցիչների պալատի կառուցվածքին եւ կազմին, որի մեկ երրորդը կանայք են, զգալի թիվ են կազմում էթնիկ փոքրամասնությունները եւ հաշմանդամները: Պարոն Դանքնն ուրախությամբ նշել է, որ ՄԹ կառավարությունը ֆինանսավորում է ՀՀ Ազգային ժողովում իրականացվող ծրագիրը, որը կբարելավվի խորհրդարանական զսպանակներն ու հակակշիռները՝ նպաստելով կառավարության գործունեության վերահսկողությանը, հասարակության հետ համագործակցության ակտիվացմանը:

Նախարարի խոսքով՝ Միացյալ Թագավորությունն օժանդակում է Հայաստանի կառավարությանը՝ իրականացնելու ծրագրերի լայն շրջանակ՝ դատաիրավական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ոլորտներում:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ալան Դանքնը նշել է, որ Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ լուծում տալու երկարատեւ հակամարտությանը: Նախարարի խոսքով՝ քաջություն կպահանջվի տեւական խաղաղություն հաստատելու համար:

Միջոցառման ավարտին բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներին եւ գործիքներին, ԼՂ հակամարտությանը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ Ադրբեջանի շուրջ ծավալված միջազգային կոռուպցիոն սկանդալին: