«Մեր երկրի համար արյուն թափողներին նստեցնում են ամբաստանյալի աթոռին և սկսում հալածել». Սեֆիլյանի և մյուսների գործով ամբաստանյալները ցուցմունք տվեցին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով ցուցմունք տվեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանը: »

Վերջինս հայտնեց, որ ինքն ընդունել է իր մեղադրանքը, սակայն այս պահին իրեն առաջադրված մեղադրանքն ուրիշ է և չի համապատասխանում իրականությանը. ‹‹Ճիշտ է ես ինձ մոտ պահել եմ զենք և տեղափոխել եմ, սակայն զինված ապստամբության մասին ոչ լսել եմ, ոչ էլ եղել եմ դրա անդամ, իսկ հեռուստաաշտարակ գրավելու մասին ոչինչ չեմ լսել››:

Գալուստ Գրիգորյանը իր ցուցմունքում նշեց, որ ճանաչել է Ներսես Պողոսյանին և Հովհաննես Պետրոսյանին, որոնց հետ ծանոթացել է Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ: Խոսելով իր մոտ պահված զենքերի մասին, ամբաստանյալը հայտնեց, որ Հովհաննես Պետրոսյանն է իրեն խնդրել, որպեսզի պահի զենքերը՝ ինքն էլ չի մերժել: Որոշ ժամանակ իր մոտ պահելուց հետո նա դրանք տեղափոխել է Արթուր Մովսիսյանի տուն,  քանի որ իրեն խանգարում էին, սակայն վերջինիս չի ասել, որ դրանք զենքեր են եղել:

‹‹Արթուրն ինձ ասել է, որ տանը մարդ չկա, իսկ նկուղը բաց է: Իմ անձնական մեքենայով տարել եմ և դրել եմ Արթուրի նկուղում, դրանից հետո ես էլ զենքերը չեմ տեսել››,- ասաց նա:

Այնուհետև դատախազի միջնորդության համաձայն հրապարակվեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքերը, որոնցում Գալուստ Գրիգորյանը հայտնել էր, որ Հովհաննեսը իրեն և Ներսեսին ասել է, որ Սեֆիլյանը իրենց է փոխանցել ինքնաձիգեր և ասել է, որ  ցնականում է գրավել հեռուստաաշտարակը և զանգվածային անկարգություններ կատարել :

Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո Գալուստ Գրիգորյանը դատարանին հայտնեց, որ ինքը ստորագրելուց առաջ չի կարդացել ցուցմունքը, քանի որ վստահել է քննիչին.  ‹‹Ցուցմունքում գրված են այնպիսի բաներ, որոնցից ես գաղափար անգամ չունեմ: Ես նույկնիսկ քննիչներին չեմ ասել, որ դատված եմ եղել: Այն ինչ ես դատարանում ասացի, ասել եմ նաև իմ ցուցմունքներում, իսկ ինչը դուք ընթերցեցիք ամբողջովին հերյուրանք է, և դուք էլ դա գիտեք››,- ասաց նա՝ դիմելով դատախազին:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը մի քանի հարց ևս ուղղեց ամբաստանյալին, վերջինս էլ ի պատասխան նրան ասաց. ‹‹Անկապ հարցեր մի տվեք››:

Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ հայտնեց, որ ուսումնասիրելով Գալուստ Գրիգորյանի նախաքննկան ցուցմունքները, պարզել է, որ դրանցում կան շատ հատվածներ,  որոնք տարբեր ցուցմունքերում գրված են նույնությամբ և ոչ մի բառ չի փոխվել՝ անգամ տառասխալներն են նույնը. ‹‹Նույնիսկ այն ցուցմունքում, որտեղ Գալուստ բառը գրված է փոքրատառով, մյուս ցուցմունքերում ևս գրված է փոքրատառով: Գալուստ Գրիգորյանը ունենալով կատարյալ հիշողություն՝ 3 օր շարունակ նույն բանն է ասե՞լ››,- ասաց նա:

Գալուստ Գրիգորյանից հետո ցուցմունք տվեց Ներսես Պողոսյանը, վերջինս հայտնեց, որ իրեն կալանավորել են այն բանի համար, որ ինքը միշտ մասնակցել է հավաքներին և միշտ եղել է ժողովրդի կողքին. ‹‹Դրա համար էլ սարքեցին այս հեքիաթը›:

Ներսես Պողոսյանը հայտնեց, որ իր և Հովհաննես Պետրոսյանի միջև առերեսում տեղի չի ունեցել, սկսել է վիճաբանություն նրանց միջև, քանի որ Հովհաննեսը սկսել է սխալ բաներ ասել, իսկ Գալուստի հետ տեղի ունեցած առերեսումը տևել է վայրկյաններ:

Խոսելով իր և Արթուր Մովսիսյանի հարաբերությունների մասին, Ներսես Պողոսյանը հայտնեց, որ իրենք եղել են ընկերներ,  Արթուր դեղեր է ուղարկել Մոսկվայից, որպեսզի իր հայրը կարողանու բուժում ստանալ, քանի որ այստեղ այդ դեղերից չեն եղել:

Ներսես Պողոսյանի խոսքին միջամտեց դատախազ Պետրոս Պետրոսյանը, ինչը զայրացրեց նրան, վերջինս դիմեց դատախազին. ‹‹Ես, որ խոսում եմ դու չխոսաս››:

Այնուհետև Ներսեսը հայտնեց, որ ինքը պատահականությունների չի հավատում և իր ձերբակալությունից հետո ինչ-որ դեպքեր են տեղի ունենում իր ընտանիքի անդամների հետ. ‹‹Տնեցիքիցս հեռու մնացեք, թե չէ որ ես կպնեմ ձեր տնեցիքին՝ կմխկտաք››:

Ներսես Պողոսյանը նաև հայտնեց, որ, եթե ցանկանար այդ զենքերը պահեր, այնպես կպահեր, որ ոչ մեկը չէր կարողանա գտնել, սակայն ինքը նման մտադրություն չի ունեցել:

‹‹Հորս դիակը տունը, ինձ ասում են դու զենք ես տեղափոխել: Ես սրբություն ունեմ››,- ասա նա:

Նշենք, որ ցուցմունք տալու ընթացքում Ներսես Պողոսյանը շատ բարկացած էր, նույնիսկ խոսում էր բղավելով:

Պատասխանելով մեղադրող դատախազի հարցերին Ներսեսը հայտնեց, որ ճանաչել է Հովհաննես Պետրոսյանին և Գալուստ Գրիօգորյանին, Սեֆիլյանին իմացել է որպես ազգի հերոս, իսկ Գևորգ Սաֆարյանին տեսել է հեռուստատեսությամբ:

Խոսելով զանգածային անկարգություններից, վերջինս հայտնեց, որ նման բան երբեք չի լսել և մասնակցել է շատ հավաքների, որոնց ժամանակ նման բան չի տեսել. ‹‹Հավաքներից շատերի  ժամանակ երեխաներիս էլ եմ տարել, եթե անկարգություններ լինեին ես երեխաներին չէի տանի››:

Ցուցմունք տալու ցանկություն հայտնեց նաև Գևորգ Սաֆարյանը, վերջինս հրաժարվեց մոտենալ ամբիոնին. ‹‹Ես ցանկություն ունեմ ցուցմունք տալու և ցանկանում եմ իմ իրավունքից օգտվել իմ նստած դիրքից››,- իր խոսքում նշեց նա:

Գևորգ Սաֆարյանը դատարանին հայտնեց, որ իրեն մեղադրում են հանրահավաքներին մասնակցելու  և դրանց ժամանակ ելույթ ունենալու համար. ‹‹Մեր երկրում հավաքներ եղել են և լինելու են : Ես ելույթ եմ ունեցել հավաքների ժամանակ, լավ եմ արել և շարունակելու եմ ելույթ ունենալ: Հասել ենք նրան, որ Հայաստանում փորձում են արգելել հավաքները ››:

Նշենք, որ իր ցուցմունքի ժամանակ  դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պարբերաբար ընդհատում էր Սաֆարյանին հայտնելով, որ խոսի ըստ էության:

‹‹Մենք մեր իշխանությունը զիջել ենք օտարին և դարձել նրանց ստրուկը: Որոշ մարդիկ ուրացել են այս երկրի համար թափված և թափվող արյունը, որովհետև նրանց երեխաները չեն ծառայում: Մեր երկրի համար արյուն թափողներին նստեցնում են ամբաստանյալի աթոռին և սկսում են հալածել: Հալածվում են այն բանի համար, որ ցանկանում են գնալ և գրավել այդ 800 հեկտարը: Այդ տարածքները ձեր հոր դուքյանը չեն, էդ տարածքները  մեր պապենական հողերն են››,- իր խոսքում ասաց Սաֆարյանը, որին ընդհատեց դատախազ Պետրոս Պետրոսյանը: Դատախազին ի պատասխան Սաֆարյանը հայտնեց, որ նա լռի, քանի որ քիչ բան է հասկանում:

Գևորգ Սաֆարյանը հայտնեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը՝ այսպես կոչված դատախազության կողմից, որն ընդունվել է այսպես կոչված դատավորի կողմից, առաջադրվել է իշխանությունների հրամանով:

Որից հետո դատավորը ընդհատեց Սաֆարյանի խոսքը թույլ չտալով շարունակել: Վերջինիս ուցմունքը մնաց անավարտ, քանի որ միջնորդությամբ հանդես եկավ Հովհաննես Պետրոսյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ խնդելով դատարանին գրավի դիմաց ազատել իր պաշտպանյալին: Դատավորը որոշեց մերժել նրկայացված միջնորդությունը, որից հետո նիստը հետաձգվեց:

Հաջորդ դատական նիստն էլ նշանակվեց 2018 թվականի հունվարի 12-ին: