«Մենք ունենք հրամանատար՝ Ժիրայր Սեֆիլյանը, նա ոնց ասի, այնպես էլ կլինի». «Սասնա ծռեր»-ի գործով հետազոտվեցին ապացույց համարվող տեսանյութերը

2016 թվականին ոստիկանության ՊՊԾ-ը գունդը գրաված «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործով դատավարության ժամանակ հետազոտվեցին ապացույց համարվող տեսանյութերը:

Երևանի ընդահնուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ցուցադրվեցին մի քանի տեսանյութեր: Մասնավորապես՝ տեսանյութերից մեկում երևում էր, թե ինչպես է ՊՊԾ գնդի դիմաց կանգնած բեռնատար մեքենան կորչում ծխի մեջ, որից հետո սկսում է այրվել: Րոպեներ անց այրվող մեքենային է մոտենում հրշեջ-մեքենա և փորձում մարել կրակը:

Մեքենայի այրման կադրերը ոգևորություն առաջացրին դահլիճում, ապակեպատ պատնեշից այս կոդմ գտնվող անձինք սկսեցին ծափահարել և բղավել՝ «Սասնա ծռեր, Սասնա ծռեր», որից հետո ցուցադրված տեսանյութերը որակեցին որպես ֆիլմ։

Այնուհետև՝ հետազոտվեցին ՊՊԾ գնդի տարածքում կատարված նկահարահումների տեսնյութերը, որոնցում «Սասնա ծռեր»-ի անդամները հարցազրույցներ էին տալիս լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հայտնում, թե ինչու են դիմել այդ քայլին: Տեսանյութերից մեկում, պատասխանելով լրագրողների հարցերին, Սեդրակ Նազարյանը հայտնում է, որ իրենց անունից հայտարարություններ անելու իրավունք ունի միայն Վարուժան Ավետիսյանը, մյուսներն՝ այդ թվում Վիտալի Բալասանյանը, ոչ մի իրավունք չունեն: Սեդրակ Նազարյանի խոսքերով՝ ինքը ենթարկվելու է միայն Ժիրայր Սեֆիլյանին:

«Մենք ունենք հրամանատար՝ Ժիրայր Սեֆիլյանը, նա ոնց ասի այնպես էլ կլինի, եթե Ժիրայր Սեֆիլյանը հիմա ասի՝ զենքդ դիր, ես կդնեմ»,- ասում է նա:

«Սասնա ծռեր»-ի անդամ Աշոտ Պետրոսյանն էլ ավելացրեց.  «Իսկական հերոսներն այստեղ են՝ մնացածը լարախաղացներ են»:

Տեսանյութերից մեկում էլ լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ Վարուժան Ավետիսյանն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ, եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ստեղծված իրավիճակում դառնալ ղեկավար, ապա այդ ճանապարհը կործանանար է և իրենք այդքան ժամանակ չունեն:

Մխիթար Ավետիսյանի խոսքերով էլ քաղաքական գործիչներն ու կուսակցությունների ղեկավարները փորձում են ստեղծված իրավիճակում ինչ-որ կտորներ շահել իրենց համար:

Իրենց հարցազրույցների տեսանյութերը «Սասնա ծռեր»-ի անդամները դիտում էին ժպիտը դեմքներին, երբեմն էլ իրար հետ քննարկում:

Ապա դիտվեցին նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի, ՀԽ համակարգող Գարեգին Չուգասզյանի և քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի ասուլիսների տեսանյութերը: