«Մարինե Թովմասյան, Դուք իմ ներկայացուցիչը չեք, դատարանում գտնվելու իրավունք չունեք». Վարդգես Գասպարին Սեֆիլյանի բողոքը բարձրացրեց դատարանում

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ դատական գործի քննությունը։ Նիստը նախագահում էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

 7 ամբաստանյակներից նիստին ներկա էին միայն երկուսը՝ Հովհաննես Պետրոսյանը և Գալուստ Գրիգորյանը։ Մյուսներն անցած դատական նիստերի ժամանակ հեռացվել էին դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

 Նիստը սկսվելուն պես, դատավոր Գրիգորյանը դիմեց ամբաստանյալ Գրիգորյանին, նշելով, որ վերջինս ոտքի չի կանգնել «Ոտքի՛, դատարանն է գալիս» արտահայտության ժամանակ, այսպիսով, անհարգալից գտնվել դատարանի նկատմամբ։

«Դատարանը Ձեր նկատմամբ նախազգուշացնում է կիրառում»։

Հրայր Թոփչյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը դատարանին ծանուցում էր ուղարկել, մասնավորապես նշելով, որ մինչև սեպտեմբերի 20-ը արտերկրում է գտնվելու, ուստի խնդրում էր իր բացակայությունը համարել հարգելի։ Փոխարենն առաջարկում էր, որ իր բացակայության ժամանակ Թոփչյանի շահերը պաշտպանի Վահագն Մարտիրոսյանը, որն արդեն իսկ ընդգրված էր պաշտպանական գործում։

Մինչ դատական դահլիճ կբերեին ամբաստանյալ Թոփչյանին, նիստերի դահլիճի քաղաքացիների համար նախատեսված հատվածում գտնվող Վարդգես Գասպարին ոտքի կանգնեց և Ժիրայր Սեֆիլյանի անունից հանդես եկող պաստառով բողոքի ալիք բարձրացրեց Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի համար հանրային պաշտպան նշանակված Մարինե Թովմասյանի դեմ։

Պաստառի վրա գրված էր. «Մարինե Թովմասյան, Դուք իմ ներկայացուցիչը չեք, դատարանում գտնվելու իրավունք չունեք»։

Դատական կարգադրիչներն անմիջապես հեռացրին դահլիճից Գասպարիին. վերջինս դուրս գալով դատարանի շենքից, պառկեց գետնին՝ տեսանելի պահելով պաստառը։

Ամբաստանյալ Հրայր Թոփչյանը չառարկեց, որ պաշտպան Մարտիրոսյանը ներգրավի գործի վարույթում և իր պաշտպանությունն իրականացնի, սակայն, իր բացակայության ժամանակ չպետք է մասնակցի դատական նիստերին։

Դատավոր Գրիգորյանը Վահագն Մարտիրոսյանին ներգրվելու միջնորդությունն ընդունեց։

Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանից ծանուցում ստացվեց այն մասին, որ վատառողջ է, ուստի իր բացակայությունը ևս հարգելի է:

Դատավոր Գրիգորյանը նշեց, որ քանի որ առանց պաշտպանների դատական նիստը շարունակել չեն կարող, այս իսկ պատճառով նիստը հետաձգվում է:

Քրեական գործի վարույթը կշարունակվի սեպտեմբերի 8-ին:

Նիստից հետո, դատարանի շենքի մոտ հավաքվեծ մարդիկ պահանջում էին, որ Մարինե Թովմասյանը հրաժարվի Սեֆիլյանի և Պողոսյանի հանրային պաշտպանի պաշտոնից:

«Մարինե Թովմասյանի շնորհիվ ինչ-որ նորամուծություններ են ուզում անել: Նա զոհ է: Մենք իրեն առաջարկում ենք հեռանալ այս գործի վարույթից: Լսել ենք, որ հղի է, էդ հանգամանք էլ հաշվի առնելով ասում ենք՝ գնա ու վայելի քո մայրությունը»,- ասում էր հավաքվածներից Հասմիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի