«Մարզերում գործող տեղական հեռուստաընկերություններն արդեն հայտնվել են փակման եզրին» . Աշոտ Մելիքյան

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 16-ի նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծին և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթներին, և որոշել է  դրանք ներկայացնել ԱԺ:

Այս որոշման արդյունքում մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարություններով, այն մասին, որ իշխանությունը խիստ գաղտնի պայմաններում մշակում և խորհրդարան է ուղարկում օրենքի նախագիծը՝ առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին այդ գործընթացում ներգրավելու:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով լրագրողական կազմակերպության ներկայացուցիչներն արդեն 7 տարի է՝ 2010 թվականից սկսած, ինչ քննարկում են ժամանակակից պայմաններին համապատսխան նոր օրենք ստեղծելու մասին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ իրենք միայն նոյեմբերի 16-ին են իմացել, որ գործադիր իշխանությունն իր կողմից նոր օրենք է մշակել, որը դրված է եղել  է եղել e-draft.am կայքում: Աշոտ Մելիքյանը նշեց, որ օրնագիծը քննարկման համար տեղադրվել է մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ը, որը եղել է խորհրդարանական ընտրությունների և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ամբողջ լրագրողական հանրությունը զբաղված է եղել դրանով:

«Մենք ուզում ենք հանդիպել որոշումներ կայացնողների հետ: Մենք պատրաստ ենք համագործակցել իշխանության հետ, իշխանությունը պատրաստ է համագործակցել մեզ հետ, սակայն այդ համագործակցությունը ոչ մի կերպ չի ստացվում»,- ասաց պարոն Մելիքյանը:

Խոսելով նոր օրենքի բովանդակությունից պարոն Մելիքյանը հայտնեց, որ մի շարք խնդիրներին անդրադարձ չի կատարվել. «Այսօր նոր օրենքում վերջին 7 տարվա փոփոխություններն ու լրացումները մեկտեղվել են և համապատասխանեցվել  նոր Սահամանադրությանը: Ընդամենը ընդլայնվել են հեռուսատատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի պատժիչ գործողությունները: Մեզ համար անընդունելի է, մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման և լիցենզավորման կարգը»:

Պարոն Մելիքյանը նշեց, որ մասանավոր մուլտիպլեքսը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանի տարածքը և ամբողջությամբ լինի սեփականություն: Նա նշեց, որ մարզերում գործող շատ հեռուստաընկերություններ կորցնում են իրենց լսարանը և գովազդատուներին՝ հայտնվելով ծայրահեղ իրավիճակում:

 «Մեզանում՝ թվայնացման հետևանքով, 10-ից ավելի մարզերում գործող տեղական հեռուստաընկերություններն արդեն հայտնվել են փակման եզրին, որովհետև անալոգային հեռարձակումն անջատվել է, իսկ իրենց օրենքով թույլ են տվել ընդամենը շարունակել հենց անալոգային ռեժիմով հեռարձակումը: Նրանք առհասարակ դուրս են մնացել թվայնացման գործընթացից՝ սպասելով, թե մասնավոր մուլտիպլեքսը երբ կհիմնվի, իսկ մասնավոր մուլտիպլեքս չի հիմնվում»,- ասաց նա:

 Պարոն Մելիքյանը նշեց, որ ամնեևին էլ պարտադիր չէ այս փուլում ստեղծել նոր օրինագիծ. «Կարելի է մեկ այլ օրինագծով ուղղակի գործող օրենքը համապատասխանեցնել նոր Սահմանադրությանը, որից հետո նոր սկսել լուրջ գործընթացը»:

Վերջում Աշոտ Մելիքյանը հայտնեց, որ այս հարցը վերջնական լուծելու համար անհրաժեշտ է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ պետության ներկայացուցիչներից, անկախ փորձագետներից, հասարակական կազմակերպություններից բաղկացած և լուրջ աշխատանք կատարել՝ ժամանակակից պահանջներին համապատասխանող օրինագիծ ստեղծելու ուղղությամբ: