Մանվել Գրիգորյանը պատասխան պիտի տա. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնամխելիությունից զրկելու հարցը: Քննարկման  ժամանակ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ելույթով հանդես եկավ՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի արարքը  սովորական դիակապտություն է և Արցախի բարձրագույն պարգև ստացած անձը սովորական, շարքային գող է, որը կարող է իրեն թույլ տալ գողանալ զինվորի հացը:

«Այն ինչ ներկայացրեց գլխավոր դատախազը 1 կամ 2 օրվա հանցագործություն չէ, սա երկար տարիների ամենաթողության արդյունք է: Մանվել Գրիգորյանը պատասխան պիտի տա առաջին հերթին Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինվորների ծնողներին առաջ, որովհետև այն զինվորները, որոնք փամփուշտ չունեին այդ օրերին կրակելու, դրա մեղավորությունը այսպես կոչվաց Արցախի հերոսինն է»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով Հայաստանում կան բազմաթիվ Մանվել Գրիգորյաններ և նրանցից յուրաքանչյուրը պիտի պատասխան տա:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ Հանրապետական կուսակցության բազմաթիվ անդամներ լքեցին դահլիճը: