ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը կոչ է անում թուրքական իշխանություններին վերացնել երկրում պահպանվող արտակարգ դրությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել թուրքական իշխանություններին անհապաղ վերացնել երկրում պահպանվող արտակարգ դրությունը՝ կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններն արդար և անվտանգ անցկացնելու համար։ Նա նշել է, որ այն ընտրությունները, որոնք իրականացվում են երկրի ներսում ժողովրդի ազատության և խոսքի սահմանափակման պայմաններում, չեն կարող արդար և լեգիտիմ լինել:

Ապրիլի 19-ին Թուրքիայի իշխանությունները հայտարարել են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին և յոթերորդ անգամ երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Գերագույն հանձնակատարը կարծում է, որ այդ հայտարարությամբ Անկարան խախտել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով սահմանված իր պարտավորությունները։

«Վերջին երկու տարիների ընթացքում Թուրքիան բազմիցս հայտարարել է արտակարգ դրություն, ինչը մեծապես սահմանափակել է ընդդիմության հնարավորությունները: 2018 թվականի ապրիլ ամսին ձերբակալվել է 29 լրագրող: Նրանց մեղադրել են ահաբեկչության մեջ», – ասել է Գերագույն հանձնակատարը։ Նա նաև հավելել է, որ մայիսին երկրում տեղի ունեցած ակցիաների ժամանակ իրականացված զանգվածային ձերբակալությունները հաստատել են, որ Թուրքիայի իշխանությունները խոչընդոտել են երկրում խաղաղ հավաքների անցկացմանը:

«Դժվար է պատկերացնել, որ կարող են հուսալի և արդար ընտրություններ տեղի ունենալ այն երկրում, որտեղ իշխող կուսակցության դիրքորոշման վերաբերյալ յուրաքանչյուր անհամաձայնության դրսևորում խստորեն պատժվում է»,- ընդգծել է Հանձնակատարը: Նա նշել է, որ ազատ արտահայտվելու իրավունքի,  հավաքների և միավորման ազատության իրավունքի խախտումներն անհամատեղելի են արդար ընտրությունների անցկացման հետ:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը անհապաղ վերացնել երկրում պահպանվող արտակարգ դրությունը և ապահովել իր քաղաքացիների ապահով մասնակցությունը կայանալիք խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններին և կանխել մարդու իրավունքների խախտումները և անհիմն սահմանափակումները։