ՄԱԿ-ի դատարանը սկսում է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը

Այս տարվա օգոստոսի 27-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը կսկսի ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Հայցը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ միակողմանի պատժամիջոցները վերականգնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ 

Թեհրանը բողոքել է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և ապօրինի կերպով երկրորդ անգամ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ այս տարվա մայիսի 8-ին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշման դեմ։ Իրանի իշխանությունները պնդում են, որ ԱՄՆ-ն խախտել է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը»։ Գործի շրջանակներում Իրանի իշխանությունները նաև հայց են ներկայացրել Միջազգային դատարան՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված ապօրինի գործողությունների հետևանքով Իրանին պատճառված նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասին։

Ավելի վաղ, ՄԱԿ-ի փորձագետը հայտարարել է, որ Իրանի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցներն անօրինական են և բացասական են ազդում Իրանի տնտեսության զարգացման գործընթացի վրա։ Ենթադրվում է, որ Արդարադատության միջազգային դատարանը կարող է վերջնական վճիռ կայացնել Իրանի ներկայացրած հայցի շուրջ մի քանի տարվա ընթացքում։ Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի փորձագետը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին մինչև հայցի քննության ավարտը պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների ցանկից բացառել գյուղմթերքը, սննդամթերքը, դեղորայքը և բժշկական սարքավորումները: