ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը «ֆանտաստիկ օրինակ» է անվանել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը վերջերս Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն անվանել է «ֆանտաստիկ օրինակ» և հավելել է, որ նման իրադարձությունների շնորհիվ նոր սերունդը կարող է ավելի ճիշտ որոշումներ կայացնել, քան նախորդը։ Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ այս տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ քաղաքացիական հասարակության և երիտասարդների մասնակցությամբ, ժողովրդավարության, ազատության և քաղաքացիական իրավունքների կարևորության դրսևորումներ են։

«Վերջերս մենք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակի ականատես եղանք։ Այս ֆանտաստիկ օրինակը կարող է հուսադրել, որ նոր սերունդն ընդունակ կլինի ավելի լավ որոշումներ կայացնել, քան իմ սերունդը»,- հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 23-ին Հայաստանում տեղի ունեցած լայնամասշտաբ բողոքի ակցիաների արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում ընտրվել է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: