ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Իրաքի նոր կառավարության ձևավորման մասին որոշումը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը շնորհավորել է Ադել Աբդուլ Մահդիին՝ Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Գլխավոր քարտուղարը ողջունել է Իրաքի նոր կառավարության ձևավորման մասին որոշումը, որը նախատեսվում է իրականացնել սահմանադրությամբ սահմանված ժամկետների համաձայն: Այս մասին հաղորդել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարը:

Անտոնիու Գուտերրիշը նաև կոչ է արել Իրաքի ներկայացուցիչների խորհրդին քննարկել նախարարների թափուր պաշտոններում կանանց նշանակելու մասին հնարավորությունը:

«Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ նոր կառավարությանը կհաջողվի արդյունավետ միջոցներ ձեռնարկել և հնարավորություն ընձեռել բնակչության բոլոր խմբերին մասնակցել երկարատև հակամարտության արդյունքում տուժած երկրի վերակառուցման գործընթացին, պաշտպանել ազգային շահերը և Իրաքում երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն ապահովել», – նշվում է հայտարարության մեջ:

Գլխավոր քարտուղարը մեկ անգամ ևս վերահաստատել է այս կարևոր ժամանակաշրջանում Իրաքի կառավարությանը և ժողովրդին աջակցելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը: