ՄԱԿ-ը նշում է Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ։ 

«Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագիրն էական դեր է խաղում միջուկային զինաթափման և միջուկային զենքի չտարածման գործում։ Այն նպաստում է միջազգային խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը` սահմանափակելով միջուկային զենքի մշակումը: Հավաքական անվտանգությունն ապահովելու գործընթացի շրջանակներում մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի այս կարևոր պայմանագիրն ուժի մեջ մտնի»,- հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։

Միջուկային զենքի առաջին փորձարկումն իրականացվել է 1945 թվականին։ Ընդհանուր առմամբ, արդեն իրականացվել է շուրջ 2000 միջուկային փորձարկում։ 20-րդ դարի կեսերից, երբ սկսվել է միջուկային զենքի փորձարկումը, պատմությունը մեզ ցույց է տվել միջուկային զենքի փորձարկման սարսափելի և ողբերգական հետևանքները և դրա շարունակական սպառնալիքը մարդու առողջությանը և համաշխարհային կայունությանը։ Միջուկային զենքի փորձարկումների արդյունքում ամբողջ աշխարհում տեղի ունեցած աղետալի միջադեպերն անհրաժեշտություն են ստեղծել նշել Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը և միջոցառումներ իրականացնել՝ աշխարհի ուշադրությունն այս խնդրի վրա գրավելու և միջուկային զենքի հետագա փորձարկումները կանխելու համար։

Միջուկային զենքի փորձարկումների դեմ պայքարելու նպատակով 1996 թվականի սեպտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Միջուկային փորձարկումների համապարփակ պայմանագիրը, որը դեռևս ուժի մեջ չի մտել:

Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 2010 թվականին։ Այն կոչ է անում պետություններին պահելու՝ միջուկային զինաթափման միջոցով միջազգային խաղաղության զարգացման և պահպանման իրենց պարտավորությունը։ Կրթական միջոցառումները և ուղերձները բարձրացնում են իրազեկվածությունը՝ միջուկային զենքի հետագա փորձարկումների կանխարգելման միահամուռ փորձ անելու անհրաժեշտության մասին: Այս օրվա հռչակումից հետո բազմաթիվ ջանքերի շնորհիվ, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության լայն շարժումների և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի իրականացրած միջոցառումների շնորհիվ ամբողջ աշխարհում միջուկային փորձարկումներն արգելվել են:

Այս տարվա մայիսի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հայտնել էր, որ 2018 թվականի Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա խորհուրդն է` «Ապահովենք մեր ընդհանուր ապագան» կարգախոսը։ Նա նաև հավելել է, որ միջուկային զենքի տարածումը մարդկության համար ամենավտանգավոր սպառնալիքն է: Նա իր անհանգստությունն է հայտնել այն կապակցությամբ, որ մեխանիկական մի սխալը, էլեկտրոնային համակարգի թերացումը կամ պատահաբար թույլ տված սխալը կարող է հանգեցնել մեծ աղետի և, նույնիսկ, քաղաքներ վերացնել։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր անդամ պետություններին վավերացնել Միջուկային փորձարկումների համապարփակ պայմանագիրը։ Վերջինս հույս է հայտնել, որ կգա այն օրը, երբ միջուկային զենքն ամբողջովին կվերացվի: Մինչ այդ, անհրաժեշտ է նշել Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրը և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ։