Վճարովի կայանատեղիների «ոդիսականը». ի՞նչ հիմքով է 49%-ով աճում վճարը

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Հակոբ Բադալյանը, չնայած, երիտասարդ տարիքին, արդեն հասցրել է բախվել Ճանապարհային ոստիկանության և վերջինիս կողմից սահմանված տուգանքների հետ։ Դրանց մեծ մասի հետ առերեսվել է դատարանում և հաղթել: Ըստ Հ․ Բադալյանի, իրավախախտումների մեծ մասն օրենքով սահմանված չեն և իրենց մեջ անճշտություն են պարունակում.
«2 տարի առաջ, օգոստոս ամսին տուգանքի ծանուցում եմ ստանում, որում հստակ տեղեկացվում է, որ մոտ 10 օր առաջ, ինձ պատկանող մեքենայով կայանված եմ եղել ք. Երևան, Տերյան փողոցի վճարովի կայանատեղիում, սակայն, սահմանված գումարը չեմ վճարել: Որոշան մեջ նշված է եղել, որ ներկայացել եմ քննությանը և բացատրություն տվել այն մասին, որ չեմ ընդունում իրավախախտումը և պահանջում եմ իրավախախտման ապացույցը: Իրականում ես նման բան չեմ գրել, չեմ պահանջել իրավախախտման ապացույցը, քանի որ գտնում եմ, որ որևէ իրավախախտում չեմ կատարել: Ներկայացրել եմ ավտոկայանման համար իմ կողմից կատարած վճարումը հավաստող փաստաթուղթ այն մասին, որ վճարումն իրականացրել եմ կայանման պահից մեկ ժամվա ընթացքում: Սա չի ընդունվել այն պատճառաբանությամբ, որ վճարումը պետք է կատարվեր կայանման պահից 15 րոպեի ընթացքում»:
Ուսումնասիրելով 2011թ հունիս ամսին ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը, մենք չգտանք այնպիսի հոդված կամ կետ, որով սահմանված լինի, թե որքա՞ն ժամանակում պետք է վճարումը կատարվի: Սույն օրենքի հոդված 6-ում՝ «Ավտոկայանատեղի տուրք վճարողների պարտականությունները», միայն նշված է վճարում կատարելու պարտավորության մասին, մասնավորապես.
«․․․ 1. Ավտոկայանատեղի տուրք վճարողները պարտավոր են`
1) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար վճարել ավտոկայանատեղի տուրք.
2) ավտոկայանատեղի տուրքի գանձում իրականացնող մարմիններին կամ լիազոր անձանց ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթեր կամ դրանց պատճենները»:

Հակոբ Բադալյանը, առաջնորդվելով ոչ միայն վերոնշյալ հոդվածից, այլև՝ «Ավտոկայանատեղի տուրքի վճարման պարտավորության ծագումը» հոդվածից («Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենք, հոդված 12- Ռ.Վ), պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանի պահանջը, նշելով, որ վերջինս խախտել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը՝
«Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման՝ վարչական իրավախախտման դեպքի կամ կազմի բացակայութան դեպքում։

8 ամիս տևած դատական գործընթացից հետո, Հակոբը շահել է դատը:
«Թեպետ գումարը մեծ չէր՝ 5000 դրամ, սակայն, ինչո՞ւ պետք է վճարեի մի իրավախախտման համար, որը չէի արել»,- իր խոսքը եզրափակեց Հ․ Բադալյանը:
Այս օրերին, բացի նմանատիպ խնդիրներից, վարորդների համար ևս մեկ նորություն ի հայտ եկավ. վարորդները «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունից SMS ծանուցում ստացան այն մասին, որ բջջային հեռախոսով «կարմիր գծերի» վճարման դեպքում օգոստոսի 1-ից ավելի շատ գումար կգանձվի: Մասնավորապես, մեկ ժամվա համար նախատեսված վճարը՝ հեռախոսային հաղորդագրության միջոցով կատարելիս, 100 դրամի փոխարեն օգոստոսի 1-ից կգանձվի 149 դրամ, որից 24.8 դրամը միջնորդավճարն է, իսկ 24.2 դրամը՝ ԱԱՀ-ն, իսկ մեկ օրվա համար 500 դրամ մուծումը՝ բջջային հեռախոսով կատարելու դեպքում, օգոստոսի 1-ից կգանձվի 748 դրամ, որից 123.4 դրամն է միջնորդավճար: Կայանատեղիների համար վճարն առանց միջնորդավճարի կատարելու համար ընկերությունն առաջարկում է օգտվել տերմինալներից:
«Տերմինալներ ամեն տեղ չէ, որ կա: Եթե Կենտրոն վարչական շրջանում շատ կտեսնենք, ապա մյուս շրջաններում համեմատաբար ավելի քիչ են, ամեն 10 մետրի վրա չեն, իսկ «կարմիր գծերը», կարելի է ասել, ամեն քայլափոխի են, այսպիսով տերմինալով վճարում կատարելը խնդրի լուծում չի կարող լինել»,- իր խոսքում հայտնում է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը: Ըստ նրա, ոչ մի հիմնավորում չկա թանկացնելու վերաբերյալ.
«Ներկի որա՞կն է լավացել, թե՞ կայանատեղիների, որ վճարն են ավելացնում: Դրա փոխարեն, մենք Քաղաքապետարանին առաջարկել էինք ստեղծել նոր կայանատեղեր, որոնք մինչ այս պիտանի չեն եղել»:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այլ պարզաբանում է տալիս.
«Իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ բան թանկացել է, նույն կապի միջոցներն ի՞նչ է, ասո՞ւմ են, որ անվճար են այդ ծառայությունը մատուցում: Կա գործող սակագին, և, իհարկե, նրանք այդ գինը թողել են նույնությամբ, ուղղակի «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունն էր վճարում դրա փոխարեն: Այսինքն, երբ եղել է մասնավոր ընկերություն, ինքը վճարել է այդ ծառայության համար, որովհետև օրենքով ինքը պետք է վճարման միջոցներ ապահովեր, բայց քանի որ չի ապահովել, պայմանավորվածության համաձայն՝ իր եկամուտներից է վճարում կատարել»:
Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա նոյեմբեր ամսից, Երևանի քաղաքապետարանը որպես նվիրատվություն ձեռք է բերել «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի ամբողջ 100% բաժնեմասը:

Թանկացման մասին նորությունից օրեր անց, բջջային օպերատորները տեղեկություն տարածեցին, որ իրենք կապ չունեն փոփոխության հետ և ոչ մի սակագին կամ միջնորդավճար չեն բարձրացրել:
«Beeline-ը տեղեկացնում է, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որևէ փոփոխություն չի կատարվել։ Ընկերությունը նաև հանդես չի եկել որևէ առաջարկով՝ հաղորդագրությունների ուղարկման ձևի, վճարի կամ միջնորդավճարի չափի հետ կապված փոփոխություն կատարելու»,- ասված էր Beeline ընկերության կողմից օրերս տարածած հայտարարությունում:
Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը ևս անհիմն է համարում սակագնի բարձրացումը, նշելով, որ, եթե ցուցանակի վրա գրված է՝ 1 ժամ կայանելու համար 100 դրամ պետք է վճարվի, ապա ի՞նչ հիմքով է գանձվելու ավել 49 դրամը:
«Ի դեպ, մի կարևորագույն խնդրի մասին. մեկ տարվա համար վճարող մարդիկ երբեք չեն տեղեկացվել, որ այդ վճարը գործում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, ժամը 23:59-ը ներառյալ: Վարորդներ գիտեմ, ովքեր այդ 12.000 դրամը վճարել են ընդամենը մի քանի ժամվա համար»,-Ա․ Խաչատրյանը։
Փաստաբանը մի գաղնիք բացեց.
«Կարմիր գծերին մեքենան պետք է կայանել հորիզոնական, եթե շեղ կայանենք, ուրեմն կարող ենք չվճարել կայանատեղիի համար, բայց, այստեղ մի «բայց» կա, շեղ կայանելու դեպքում էլ «գլխիդ կկանգնի» Ճանապարհային ոստիկանությունը, ասելով, որ չկա թույլտվություն և ճանապարհային նշան շեղ կայանելու մասին: Այսպիսով, ինչ էլ անես, մեկ է տուգանվելու ես»,- իր խոսքն ավարտեց Արտակ Խաչատրյանը:
Երևանի քաղաքապետարանն էլ, տեսնելով այս կարծիքները, բողոքները, այսօր տարածեց հայտարարություն, խոստանալով խնդիրը լուծել «ընդունելի պայմաններով».
Թե ինչպես կտրվի այս հարցի հանգուցալուծումը, դժվար է ասել, բայց այն փաստը, որ կայանատեղի համար ավելացված վճարը շատերի դժգոհությունն է առաջացրել՝ միանշանակ է:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի