Ինչպես այդ մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, դատարանի որոշմամբ դատապարտյալը պատիժը կկրի ընդհանուր ռեժիմի քրեակատարողական հիմնարկում: Բացի այդ, Հարությունյանին նշանակվել է 1 տարվա ուղղիչ աշխատանքների կատարում: Նա նաև 3 տարով զրկվել է պատիժը կրելուց հետո տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Ըստ կայացված դատավճռի` ամբողջովին ապացուցվել է Հարությունյանի մեղքը ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման մեջ:
Մասնավորապես, դատավճռում ասված է. «Հարությունյանը չգրանցված տրանսպորտային միջոցը վարել է տրանզիտային համարանիշերով` չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, ընտրելով ոչ անվտանգ արագություն, ուշադիր չի եղել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին»:
Դատարանը համարում է նաև, որ Հարությունյանը տեղյակ է եղել իր տրամադրության տակ եղած «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարի արգելակման համակարգի անսարքության մասին: «Ամբաստանյալը ակնհայտորեն իրեն դրել է այնպիսի պայմաններում, որոնց դեպքում չէր կարող ապահովել ավտոմեքենայի վերահսկողությունը, և վթարային իրավիճակ է ստեղծել, ինչը հանգեցրել է վթարի և զոհերի»,-ասված է դատավճռում:
Դատարանը չի քննել ՃՏՊ-ի արդյունքում զոհվածների և տուժածների հարազատների քաղաքացիական հայցն ընդդեմ Հարությունյանի` բարոյական և նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ: Դատավճռում ասվում է, որ դատապարտյալի կողմից բարոյական և նյութական վնասի փոխհատուցման հարցը պետք է վճռվի քաղաքացիական դատավարությամբ:
Հարությունյանի դեմ ներկայացված հայցով տուժողների իրավահաջորդները նրանից պահանջել էին 16 մլն ռուբլի գումար: Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանի խոսքով, իր պաշտպանյալը տվյալ հայցը մասնակիորեն է ընդունել. մասնավորապես, ըստ Մարգարյանի, «նա համաձայն չէ դրանցում նշված գումարների չափի հարցում»: Ինչպես նշել է Հարությունյանը, նա չի կարող այդպիսի գումարներ վճարել: