ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ընդունել է ԱՀ ոստիկանության քննչական վարչության պետին և պետի տեղակալին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Ա.Ղամբարյանն ընդունել է Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչության պետ Ի.Գրիգորյանին և պետի տեղակալ Ն.Գրիգորյանին:

 

Հյուրերը ծանոթացել են առանձին քննչական գործողություններ կատարելու համար Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում ստեղծված պայմաններին, նյութատեխնիկական բազային, քննիչներին վերապատրաստելու համար ստեղծված հնարավորություններին, ուսումնական, մեթոդական ձեռնարկներ տպագրելու համար նախատեսված տպարանի աշխատանքներին:

Ինչպես հաղորդում են Հատուկ քննչական կոմիտեյից՝ հանդիպման ժամանակ հյուրերը հետաքրքրվել են նաև ներդրված ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններով։ ՔԿ դեպարտամենտի համակարգչային և տեխնիկական ապահովման բաժնի պետը ներկայացրել է կարճված և դատարան ուղարկված քրեական գործերի արխիվացման, քրեական գործերի թվայնացման և  էլեկտրոնային նախաքննության ծրագրերը։

Կողմերը քննարկել են մասնավորապես արխիվացման համակարգը ԼՂՀ ոստիկանության քննչական ստորաբաժանումում ներդնելու հնարավորության հարցը, ինչը կնպաստի նաև հետագայում առավել արդյունավետ կազմակերպել քրեական գործերով տվյալների փոխանակումը։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավաստել է ՀՀ Քննչական կոմիտեի պատրաստակամությունը աջակցել Արցախի գործընկերներին՝ նյութատեխնիկական բազան կատարելագործելու, քննիչների վերապատրաստմանը նպաստելու հարցում։ Հյուրերին տրամադրվել են ուսումնամեթոդական ձեռնարկներ, ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի որոշումների ժողովածուները և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուսումնական ձեռնարկների տրամադրումը կկրի պարբերական բնույթ։