ՀՀ Սահմանադրական դատարանը բավարարել է նախկին դատավորի դիմումը

ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին կայացվել է ՍԴՈ-1488 որոշումը, որի կայացման համար հիմք է հանդիսացել Արայիկ Մելքումյանի դիմումը «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի և 155-րդ հոդվածի 7-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ 

Սահմանադրական դատարանը գտնում է, որ որոշ ոլորտներում բարձր ճշգրտությամբ օրենքներ ընդունելը կարող է լինել խնդրահարույց, և որ նույնիսկ անհրաժեշտ է որոշակի ճկունություն, այդուհանդերձ, ՄԻԵԴ-ը նշել է, որ նշված դեպքում առկա չէ որևէ հղում, որ դիմումատուի գործը քննելիս առկա է եղել «երդման խախտում» հասկացության հետևողական և սահմանափակող մեկնաբանության որևէ ուղեցույց կամ ձևավորված պրակտիկա։ Միաժամանակ, իշխանություններին տրվել է սահմանափակ հնարավորություններ ապահովելու հավասարակշռություն՝ հասարակության և մասնավոր շահերի բախման դեպքում յուրաքանչյուր առանձին գործի շրջանակներում:

Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ այն օրենսդրությունը, որը կարգավորում է դատավորի կարգապահական պատասխանատվության և կարգապահական որոշում կայացնող մարմինների հետ կապված իրավահարաբերությունները, պետք է ձևակերպվի հստակ։ Երկրները հաճախ դժվարությունների են հանդիպում, երբ կարգապահական գործողությունների հիմքերը բավարար չափով մանրամասնված չեն:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը հստակ չի տարանջատում, թե դատավորի կողմից դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարք կատարելը վերաբերում է դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի այնպիսի ակնհայտ կամ կոպիտ խախտմանը, որն անհամատեղելի է դարձնում նրա հետագա պաշտոնավարումը, թե՞ խոսքը դատավորի վարքագծի կանոնների խախտման մասին է:

Սահմանադրական դատարանի գնահատմամբ` դա կարող է հանգեցնել անհամաչափ միջամտության դատավորի հետագա պաշտոնավարմանը, ուստիև` վտանգել դատավորների անկախության սկզբունքը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Սահմանադրության 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին և անվավեր է։